Վախճանվել է քիմիկոս Ստեփան Մացոյանը
2010 թ. նոյեմբերի 26-ին իր մահկանացուն կնքեց հայտնի քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ստեփան Մացոյանը:
Ակադեմիկոս Մացոյանի անունը կապված է Հայաստանում օրգանական և պոլիմերային քիմիայի զարգացման հետ: Գիտության ասպարեզում ունեցած նվաճումների համար Ստեփան Մացոյանն արժանացել է պետական մրցանակների՝ 2003թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության և Անանիա Շիրակացի շքանշաններով: Ընտրվել է Գերմանիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ: Գլխավորել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտը:
Ստեփան Մացոյանն ավելի քան 500 գիտական հրատարակումների, հեղինակային իրավունքների և 3 մենագրությունների հեղինակ է:
Ստեփան Մացոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին, Մարշալ Բաղրամյանի պողոտա 1, 1-ին նրբանցք, բնակարան 18 հասցեում: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից։










