Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի նկատմամբ

21:34 • 30.11.10

Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները սկսել են հետաքննություն իրականացնել Google Inc ամերիկյան ընկերության նկատմամբ։ Bloomberg ընկերությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը, հայտնում է, որ հանձնաժողովը ստուգում է, թե արդյոք «Google–ը չի չարաշահում օնլայն–որոնման շուկայում իր գերիշխող դիրքը, գովազդային գործընկերների վրա արդյոք չի դնում իրենց հարաբերությունների բացառիկ բնույթի պահպանման պարտավորություններ՝ դրանով իսկ խոչընդոտելով նրանց կայքերում մրցակից գովազդային հայտարարությունների տեղադրմանը»։

Այս տարվա փետրվարին Google–ի դեմ բողոք են ներկայացրել Ciao (Microsoft) օնլայն ծառայությունը, բրիտանական Foundem կայքը, որը զբաղվում է ապրանքների գների համեմատությամբ, և իրավաբանական ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Ejustice.fr կայքը։

«Հաշվի առնելով Google–ի գերիշխող դիրքը եվրոպական որոնման շուկայում, իրադարձությունների նման զարգացումը շատ չի զարմացնում։ Վերջին հաշվով, կարգավորիչների որոշումները հաճախ անկարևոր են լինում շուկայում դիրքի տեսանկյունից և դրանք դժվար թե ազդեն շուկայում Google–ի զբաղեցրած տեղի վրա»,– հայտարել է Charles Stanley–ի մեդիա–սեկտորի վերլուծաբանը։

Եվրամիության կարգավորիչները իրավունք ունեն ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտող ընկերություններին տուգանել նրանց տարեկան դրամական մուտքերի մինչև 10 տոկոսի չափով։ Այդ առումով ռեկորդային էր անցած տարի Intel Corp–ի նկատմամբ սահմանված տուգանքը՝ 1.06 մլրդ եվրո։ Իսկ Google–ի զուտ շահույթը 2010թ. երրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 2,2 մլրդ դոլար։
 

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի նկատմամբ