Փհենյանը հաստատել է իր միջուկային ծրագրի ընդլայնման մասին տեղեկությունը

18:10 • 30.11.10

Կորեայի Ժողովրդա– Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես հաստատել է իր միջուկային ծրագրի ընդլայնման մասին տեղեկությունը։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ–ները։

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են նաև, որ ուրանի հարստացման ձեռնարկությունում գործում են մի քանի հազար ցենտրիֆուգեր։

«Այս պահին թեթևջրային (թեթև ջրի վրա հիմնված) ռեակտորի կառուցումը ընթանում է ամբողջ թափով։ Դրան վառելիք մատակարարելու համար գործում է մի քանի հազար ցենտրիֆուգերով սարքավորված ձեռնարկություն»,– հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական տպագիր օրգան Նոդոն Սինմունը։

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը նշում է, որ «ապագայում խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի օբյեկտների զարգացումը առավել ակտիվ կդառնա»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վաշինգտոնը Փհենյանին նախազգուշացրել էր հերթական միջուկային փորձարկում իրականացնելու համար այն բանից հետո, երբ ամերկյան հետախուզական արբայնակը Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական Հանրապետության գլխավոր միջուկային հրաձգարանի տարածքում բարձր ակտիվություն էր արձանագրել։

Հյուսիսային Կորեան իրեն դասել է միջուկային գերտերությունների շարքը՝ 2006 և 2009թթ. միջուկային լիցքերի ստորգետնյա փորձարկումներ իրականացնելով։ Պաշտոնապես Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական Հանրապետությունը միջուկային ակումբի մեջ չի մտնում, սակայն փաստացի համարվում է միջուկային զենք ունեցող երկիր։

Փհենյանը հաստատել է իր միջուկային ծրագրի ընդլայնման մասին տեղեկությունը