ArmNet Awards մրցույթի ժամանակ լցոնումներ են կատարվել
ArmNet Awards մրցույթի քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր: Նման բան կազմակերպիչները չէին նախատեսել: Մրցույթի կազմակերպիչ Ժիրայր Թերզյանի խոսքով` «լցոնումները» կատարվել են IP հասցեները փոխելու միջոցով: «Հայաստանյան շատ պրովայդերներ նույնիսկ օրական մի քանի անգամ փոխում են բաժանորդների IP հասցեները, սա նույնպես նպաստել է խախտումների ծավալների մեծացմանը»,- նշեց կազմակերպիչը:
Այն հարցին, թե ինչպիսի միջոցներով են պայքարել խախտումների դեմ, Թերզյանը պատասխանեց, որ բացի IP-ներից, կայքը հաշվի է առել նաև cookie-ներն ու ID-ները, սակայն «նպակադրված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել շրջանցել արգելքները»:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մրցույթի կազմակերպիչները խախտման դեպքեր սպասել են, բայց չեն նախատեսել, որ ArmNet Awards-ը մեծ իրարանցում կառաջացնի: Թերզյանը տեղեկացրեց, որ քվեարկության ընթացքում գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ սպամների միջոցով մասնակիցներին առաջարկել են քվեարկել փողի դիմաց:
Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 121 421 քվե 640 կայքերի օգտին: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի ցանկն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլև մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն քվեարկողներից, ովքեր ազնվորեն իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին` վստահություն հայտնելով, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:
Ուսումնասիրելով մրցույթի բոլոր 640 մասնակիցներին` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերը, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ պարունակում են բռնություն, պոռնոգրաֆիա և նմանօրինակ տարրեր:
Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: Armnet 2010-ի շրջանակում դեկտեմբերի 4-ին կկայանա նաև ArmNet կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրի ներքո:
Մրցանակաբաշխությունը կազմակերպում են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը:










