ՀԲ-ն Հայաստանին հատկացնելու է 24 մլն դոլար վարկ
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 մլն դոլարի չափով: Ըստ ՀԲ-ի հաղորդագրության՝ այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է Կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում:
Ծրագիրը հատուկ նախագծված է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու և ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: «Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) և քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրությունում:
«Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կխթանի նաև գիտելիքով ու տեխնոլոգիայով առաջնորդվող ձեռնարկությունների ստեղծումը, աճն ու մրցունակությունը` միաժամանակ ավանդական ճյուղերում խրախուսելով նոր տեխնոլոգիաների որդեգրումը: Սա կբարձրացնի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների յուրացման, նորարարության և առևտրայնացման տեմպը, կխթանի հետազոտությունների և արտադրության միջև համագործակցությունը, կնպաստի Հայաստանում գիտելիքով և տեխնոլոգիայով առաջնորդվող ընկերությունների ձևավորմանը: Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների և ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում:
«Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի և աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը։ Ըստ նրա՝ համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը և բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների և փոքր ձեռնարկությունների եկամուտները և կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը:










