«Հայ գիրքը մեր հոգեմտավոր արժեքների աղբյուր է». Արամ Ա.

16:17 • 04.02.12

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն այսօր Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի և OTV հեռուստաալիքի հետ հայ գրքի տարվա առթիվ ունեցած հարցազրույցում կարևորել է հայ գրիքի ունեցած դերը հայ ժողովրդի կյանքում:

«Հայ գիրքը մեր հոգեմտավոր արժեքների աղբյուր է . պետք է մոտենալն այդ աղբյուրին: Հայ գիրքը –շմարիտ հայության առաջնորդող ապահով ճամփա է. պետք է քայլել այդ ճամփով: Հայ գիրքը մեր կյանքը հայոց պատմության հարազատ ճառագայթներով լուսավորող արև է. պետք է բացվել այդ արևին: Հետևաբար, սովորական երևույթ չէ հայ գիրքը, այն սրբազան արժեք է: Այս գիտակցությամբ ու նախանձախնդրութեամբ հարկ է մոտենալ հայ գիրքին»,- ասել է վեհափառ հայրապետը:

Շարունակելով իր խոսքը նա ասել է, որ նախակրթարանում անցկացրած տարիներից ի վեր ինք մոտ է եղել հայ գրքին: «Մեր ուսուցիչները այսպես դաստիարակեցին մեզ: Հակառակ այդ օրերին մեր տնտեսական սուղ պայմաններին, մենք գիրք գնեցինք, գիրք պահեցինք, գիրք կարդացինք, գրատուներ այցելեցինք, մատենադարններ գնացինք, մեր տներում փոքր գրադարաններ հաստատեցինք: Այս բոլորից բացի՝ գիրք կարդացինք»,- ասել է նա:

Անդրադառնալով հայ գրքի տպագրության ու տարածման աշխատանքներում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարևոր ներդրումին, վեհափառ հայրապետն ասել է, որ «մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակի իր առաքելությունը հայ գրքի տարածման մեջ, որովհետև հավատում ենք հայապահպանության, ազգակերտման ու հայրենակերտման աշխատանքների մեջ հայ գրքի ճակատագրական դերին»,- ասել է նա` կարևորելով հայ գիրքը նաև կարևոր դեր ունի հայ եկեղեցու հոգոր առաքելության առումով: