Գագոսյանը 158 մլն ֆունտով Սեզան է վաճառել Կատարի թագավորական ընտանիքին
Կատարի թագավորական ընտանիքը 158 մլն ֆունտ սթերլինգ է վճարել Պոլ Սեզանի «Թուղթ խաղացողները» գործի համար, հայտնում է Daily Telegraph-ը` վկայակոչելով Vanity Fair ամսագրին:
Կատարի թագավորական ընտանիքի վճարած գումարը ռեկորդային է ոչ միայն Սեզանի գործերի առումով: Սա երբևէ արվեստի գործի համար վճարված ամենամեծ գումարն է: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2006-ին, երբ 88,7 մլն ֆունտով գնել էին Ջեքսոն Փոլաքի No 5 գործը:
Փորձագետները կարևոր գործ են համարում «Թուղթ խաղացողները»` նշելով, որ դա ներառված է արվեստի բոլոր գրքերում:
Իրականում աշխատանքը գնվել է անցած տարի հույն մեծահարուստներից մեկի կալվածքից, սակայն գործարքի գինը հայտնի է դարձել միայն երեկ:
Գործարքին անմիջական մասնակցություն է ունեցել աշխարհի գլխավոր արտդիլերներից մեկը` Լարի Գագոսյանը:
Ուշագրավ է, որ Art Newspaper-ը անցած տարի Կատարն անվանել է ժամանակակից արվեստի գործերի` աշխարհի ամենամեծ գնորդ ի դեմս Կատարի էմիրի 28-ամյա դստեր Շեյխա ալ-Մայասայի:










