Դեպարդյեն կմարմնավորի Դոմինիկ Ստրոս Կանին

14:55 • 06.02.12

Ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարայի` Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն սկսվելու են այս տարվա հունիսին:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական Monde պարբերականը, սցենարի հիմքում ընկած է 2011թ. գարնանը Նյու Յորքի հյուրանոցներից մեկում Ստրոս Կանի հետ տեղի ունեցած «միջադեպը»: Ստրոս Կանին ֆիլմում մարմնավորելու է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, իսկ Կանի կնոջը` Իզաբել Աջանին:

Ֆիլմի սցենարի պատրաստման մասին լուրերը մամուլում շրջանառվել էին դեռևս անցած տարվա դեկտեմբերին, սակայն այսօր է միայն հայտնի դարձել, որ հունիսին սկսվելու են ֆիլմի նկարահանման աշխատանքները:

Պարբերականի հետ զրույցում ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմի գործողությունները ծավալվելու են Փարիզում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, «քանի որ դա ֆիլմ է հարուստ և հզոր մարդկանց մասին»:

Սցենարը պատմելու է ոչ միայն Ստրոս Կանի և Sofitel հյուրանոցի սպաասուհու միջև տեղի ունեցած դեպքի, այլև այլ անվանի մարդկանց, ինչպես օրինակ, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, ամերիկացի նախկին կոնգրեսական Էնթոնի Վայների և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Գերման Քեյնի հետ տեղի ունեցած նմանատիպ դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ 2011թ.  մայիսի 14-ին Ստրոս Կանը ձերբակալվեց Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն իրականացնելու կասկածանքով։ : Մեղադրանքները հանելու տեղեկությունները սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ հետաքննությունը բացահայտեց մեղադրող կողմի սուտ ու իրարամերժ ցուցմունքերը: