Իրանական ֆիլմը` ամերիկյան Օսկարի հավակնորդ

00:33 • 09.02.12

Իրանական «Բաժանում. Նադեր և Սիմին» ժապավենը անցած տարի աշխարհով մեկ մեծ հաջողություն գրանցելով` այժմ հանդես է գալիս, որպես Ամերիկյան Կինոակադեմիայի Օսկար մրցանակի հավակնորդ, հայտնում է al-Arabiya-ն:

Իրականում Ասղար Ֆարհադիի «Բաժանումը» Օսկարի լուրջ հավակնորդ է, նույնիսկ ֆավորիտ` լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմն Օսկարի է առաջադրված նաև Լավագույն սցենար անվանակարգում: Ճակատագրի հեգնանքով Օսկարի համար ֆիլմը նույն անվանակարգում պայքարելու է նաև իսրայելական մի ֆիլմի հետ: Անցած տարվա թերևս ամենահայտնի իրանական ֆիլմը մրցանակներ է ստացել գրեթե բոլոր հեղինակավոր փառատոներում:

Ֆիլմը ցուցադրվել է նաև Երևանում` Ոսկե ծիրան 2011-ի ժամանակ` արժանանալով նաև հայկական փառատոնի գլխավոր մրցանակին:

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում: