Բելառուսը վաճառում է ազգային ամենամեծ ավիափոխադրողին

22:49 • 24.04.12

Բելառուսը վաճառում է իր առաջատար ազգային ավիաընկերությունը` «Բելավիան», հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը՝ հղում կատարելով երկրի տրանսպորտի նախարար Իվան Շերբոյի հայտարարությանը:

Նրա խոսքերով, «Բելավիան» մյուս պետական ակտիվների հետ միասին մտցված է կառավարության կողմից արտոնված սեփականաշնորհման փաթեթի նախագծի մեջ: Ավիաընկերության վաճառքի գործընթացը նախատեսված է իրականացնել հաջորդ տարի:

Ըստ փորձագետների, բելառուսական ավիաընկերության գլխավոր հավակնորդը ռուսական «Աերոֆլոտն» է:

Հիշեցնենք, որ «Բելավիայի» և «Աերոֆլոտի» միջև կոնֆլիկտ գոյություն ունի, որը նախորդ ամիս լուրջ սկանդալների առիթ դարձավ: Վեճերի պատճառ են չվերթերի քանակի մասին անհամաձայնությունները: Մինսկը պնդում է, որ Ռուսաստանից Բելառուս և հակառակը, հավասար քանակի չվերթեր պետք է լինեն, իսկ Մոսկվան այդ մեխանիզմի դեմ է հանդես գալիս: