Ֆրանսիան կարող է դուրս գալ Եվրոպայում ՀՀՊ ծրագրից. Օլանդի ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի` Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ տեղակայելու գործողության շառավիղը հստակ չէ և քննարկում է պահանջում, կարծում է Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսու Օլանդի շտաբի ներկայացուցիչ, միջազգային ռազմավարության գծով պատասխանատու Ժան- Լուի Բյանկոն:
«Մենք շատ զուսպ ենք վերաբերվում ՀՀՊ համակարգին, որը, սակայն, հաստատել է գործող նախագահ Նիկոլա Սարկոզին: Առաջին հերթին, ՀՀՊ համակարգը դժվար թե 100%-ով արդյունավետ լինի: Երկրորդ` ո՞ւմ դեմ է այն ուղղված: Խոսք գնո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանի մասին: Մենք նպատակաուղղվա՞ծ ենք, արդյոք, Իրանի, Հյուսիսային Կորեայի կամ խելացնոր ինչ-որ բռնակալի դեմ»,- ասել է Բյանկոն` հավելելով, որ այս պատճառներից ելնելով` Ֆրանսիան, անհրաժեշտության դեպքում, կարող է հրաժարվել ծրագրին մասնակցությունից:
«Մենք կքննարկենք այս հարցը նաև եվրոպական մակարդակով»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին` նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ինչպիսի քաղաքականություն կվարեն սոցիալիստները ՆԱՏՕ-ի հարցում, Բյանկոն հիշեցրել է, որ «գործող նախագահը 2007թ.-ին որոշեց վերադարձնել Ֆրանսիային ՆԱՏՕ-ի ռազմական կառույց` առանց Ազգային ժողովի հետ քննարկման ու խորհրդակցության»:
«Այս արագահաս որոշումը թույլ չտվեց Ֆրանսիային մեծացնել իր ազդեցությունը դաշինքի շրջանակում, ինչից տուժեց եվրոպական պաշտպանության գաղափարը: Այժմ ժամանակն է ամփոփել վերաինտերգրման արդյունքները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կիրակի Ֆրանսիայում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով` երկրորդ փուլ են անցել և մայիսի 6-ին կմրցեն սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն ու գործող նախագահ Նիկոլա Սարկոզին:









