Ամեն երկիր պետք է շահագրգռված լինի առերեսվել սեփական պատմական անցյալի հետ. Շվեյցարիայի դեսպան

18:36 • 24.04.12

Յուրաքանչյուր երկիր պետք է որոշում կայացնի և ունենա հստակ դիրքորոշում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստատին Օբոլենսկին:


«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ինչպես որակել, կամ ընդհանրապես որակել թե ոչ, սարսափելի կոտորածները և զանգվածային տեղահանումները, որ հայերին են պատուհասել։ Շվեյցարիան և այդ երկրի պաշտոնյաները հրապարակային հորդորներ չեն անում որևէ կոնկրետ երկրի՝ ինչպես պետք է տվյալ երկիրը որակի 1915թ. ողբերգական իրադարձությունները։ Ամեն երկիր պետք է շահագրգռված լինի առերեսվել սեփական պատմական անցյալի հետ։ Լայն քննարկման այդպիսի գործընթացը կուժեղացնի ցանկացած հասարակության»,-ասաց Օբոլենսկին:


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն ասաց, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է անպայման ընդունի անցյալում կատարած ոճրագործությունը, այնպես, ինչպես արեց Գերմանիան, ընդունելով նացիստների կողմից իրականացվածը՝ Հոլոքոստը:


«Եթե ուզում են կառուցել ապագա, պետք է ճանաչել անցյալը: Այսօր արդեն նոր սերունդներ են եկել, բայց նրանք ևս պետք է պատասխանատվություն կրեն անցյալի համար, քանի որ Եվրոպայում առկա է «հիշողության մշակույթը»,-ասաց Հանս-Յոխեն Շմիդտը:


Նշենք նաև, որ ի թիվս այլ դեսպանների Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել նաև Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերենը, ով՝ իր երկրի քաղաքական իշխանավորներին հատուկ պահվածքով, խուսափեց արտաբերել Ցեղասպանություն բառը. «Այսօր շատ կարևոր օր է ամբողջ աշխարհը պետք է հիշի, թե ինչ է կատարվել 1915 թվականին Թուրքիայում»,- ասաց Ջոն Հեֆերնը:


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծեր են ընդունել հետևյալ երկրները՝


1. Ուրուգվայ-1965 թ.
2. Կիպրոս-1982 թ.
3. Արգենտինա-1993թ.
4. Ռուսաստանի դաշնություն-1995թ.
5. Կանադա-1996թ.
6. Հունաստան-1996թ.
7. Լիբանան-1997թ.
8. Բելգիա-1998թ.
9. Իտալիա-2000թ.
10. Վատիկան-2000թ.
11. Ֆրանսիա-2001թ.
12. Շվեյցարիա-2003թ.
13. Սլովակիա-2004թ.
14. Հոլանդիա-2004թ.
15. Լիտվա-2005թ.
16. Գերմանիա-2005թ.
17. Վենեսուելա-2005թ.
18. Չիլի-2007թ.
19. Շվեդիա-2010թ.

Նշենք նաև, որ աշխարհում միակ երկիրը, որը օրենք է ընդունել և քրեորեն դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը, Շվեյցարիան է:


Նման մի բանաձև էլ ընդունել էր Ֆրանսիայի սենատը, սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը այն հակասահմանադրական ճանաչեց: