Իսպանիան ժամանակավորապես դուրս է գալիս շենգենյան գոտուց

18:16 • 24.04.12

Իսպանիան ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցնի շենգենյան համաձայնագրի գործողությունը` մայիսի 3-ին Բարսելոնում Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարության նիստի կապակցությամբ: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այսօր հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից:


Գերատեսչության համաձայն`  կմտցվի սահմանային հսկողություն, որը նպատակ ունի կանխել հակասեմիթական շարժումների կողմնակիցների մուտքը Կատալոնիայի մայրաքաղաք, որոնք կարող են մայիսի 3-ին փողոցային անկարգություններ հրահրել:

 

Ավելի վաղ espanarusa.com կայքը հայտնել էր, որ սահմանային ստուգումները կառնչվեն միայն այն անձանց, ովքեր մտադիր են հատել իսպանա-ֆրանսիական սահմանը Բասկերի երկրների ու Կատալոնիայի շրջանում: Այլ հատվածներում շենգենյան այցագրերով զբոսաշրջիկների համար իսպանական սահմանը հատելու սահմանափակումներ չեն լինի:

 

«Իսպանական իշխանությունները, այսպիսով, փորձում են սահմանափակել հատկապես Իտալիայից ու Հունաստանից հակագլոբալիստների զանգվածային մուտքը երկիր, որոնք, նախնական տվյալներով, մտադիր են այդ օրերին Բարսելոնում բողոքի ակցիաներ անցկացնել»,- հայտնել է կայքը:


Սա Իսպանիայի կողմից Շենգենյան համաձայնագրի գործողությունների երկրորդ ժամանակավոր դադարեցումն է: Առաջին անգամ դրանք ժամանակավորապես դադարեցվել էին 2004թ.-ին` արքայազն Ֆելիպեի ու նրա ընտրյալ Լետիսիա Օրտիսի պսակադրության պատճառով: