Տավուշում «ՎԱԶ 2102»–ը շրջվել է, վարորդը մահացել է, ուղևորը՝ վիրավորվել (լուսանկարներ)

11:03 • 25.04.12

Այսօր, ապրիլի 25–ին, ժամը 10–ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ 2102» մակնիշի 29 ՏՍ 911 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան–Իջևան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Այս պահին Տավուշի մարզի փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ փորձում են մեքենայի տակից դուրս բերել մահացածի դին։

Արդեն դեպքի վայր է ժամանել Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննչական խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ 2–րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։

 


11։45
Քիչ առաջ ֆոտոլագրողը հայտնեց, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել ավտոմեքենայի մեջ եղած անձանց ինքնությունը, ըստ այդմ, մահացածը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սմբատ Գուլխանյանն էր, ով աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարար ծառայությունում, իսկ մարմնական վնասվածքներ ստացածը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Սասուն Խաչիկյանն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի