Ադրբեջանին առաջարկում են դառնալ արաբական աշխարհի ու Իսրայելի միջև կամուրջ

12:56 • 25.04.12

Բաքուն ու Թել Ավիվը հաստատել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության խորացման ու ամրապնդման կարևորությունը: Այսպիսին են Իսրայելի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի` Ադրբեջան կատարած պաշտոնական այցի արդյունքները, գրում է Независимая газета-ն:

 

Իսրայելցի նախարարի այցի օրակարգը բավական հագեցած է եղել. նախ, իսրայելական պատվիրակությանն ընդունել է Իլհամ Ալիևը, այնուհետև Լիբերմանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը, ինչից հետո մասնակցել Օտար լեզուների համալսարանում Իսրայելի ու Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի բացմանը: Այցի վերջում նա հանդիպում է ունեցել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Լիբերմանի` Բաքու այցի մասին տեղեկությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում:

 

«Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով` նման զգուշավորության պատճառն Իրանի բացասական ռեակցիայից խուսափելն էր»,- գրում է թերթը:


Լիբերմանի «վոյաժը» մեկնաբանելով` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ այցի նպատակը բացառապես երկկողմ հարաբերությունները խորացնելն էր և ուղղված չէր որևէ երկրի դեմ:

 

Լիբերմանը Բաքվում մի շարք հայտարարություններ է արել, որոնք այս կամ այն կերպ լույս են սփռում Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա: Առաջին հերթին, կողմերը պատրաստակամ են հզորացնել տնտեսական կապերը, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Դա թույլ կտա զգալիորեն ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառությունը (այն այսօր հասնում է 4 մլրդ դոլարի):

 

Երկրորդ` գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ` նա 2 պետությունների` միջազգային հարթակներում համագործակցությունը զարգացնելու օգտին է հանդես եկել:

 

«Նախարարը, հաշվի առնելով Ադրբեջանի աճող միջազգային հեղինակությունը, ցանկություն է հայտնել տեսնել Բաքվին արաբա- իսրայելական հակամարտության կարգավորման միջնորդի դերում»,- գրում է թերթը:

 

Եվ վերջապես, Լիբերմանը կրկին վերահաստատել է իր երկրի` Իրանի նկատմամբ դիրքորոշումը:

 

«Որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից, անհրաժեշտ է ընդլայնել այդ երկրի նկատմամբ գործող պատժամիջոցները: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հրեաներին, ապա «նրանք Ադրբեջանում իրենց մշտապես զգացել են ինչպես տանը»: