Կոլումբիացի մարմնավաճառները կարող էին Ռուսաստանի լրտեսներ լինել. ամերիկացի սենատոր

11:55 • 25.04.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների հետ Կոլումբիայում տեղի ունեցած սկանդալային պատմությունն անսպասելի ընթացք է ստացել, գրում է արևմտյան մամուլը: Հանրապետական սենատոր Չաք Գրասլին հայտարարել է, որ թիկնապահների հետ զվարճացած կոլումբիացի մարմնավաճառները, «հնարավոր է, աշխատել են Ռուսաստանի համար»:



«Մենք գործ ունենք ավելի լուրջ բանի հետ, երբ ազգային անվտանգությունն ապահովված չէ պատշաճ ձևով: Ո՞վ գիտի, թե ովքեր կարող են կանգնած լինել նրանց ետևում: Սա ռուսների` մեր մասին տեղեկություն ստանալու սիրելի մեթոդն է»,- նրա խոսքերն է մեջբերել The Daily Mail-ը:


Այսօր սենատորը, ի դեպ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Թոմ Դոնիլոնի հետ ելույթ կունենա Վաշինգտոնում, որի ժամանակ մտադիր է բարձրացնել այս հարցը:

 

Հիշեցնենք, որ Կոլումբիայում անցկացված Ամերիկաների գագաթնաժողովի օրերին նախագահ Բարաք Օբամայի անվտանգության աշխատակիցները որոշել են «զվարճանալ»: Նրանք հյուրանոցային համար են կանչել մի քանի մարմնավաճառների, սակայն նրանցից մեկը ոստիկանություն է դիմել ու հայտնել, որ թիկնապահներն իրեն «գցել» են, չեն տվել ահրաժեշտ գումարը:Սկանդալի արդյունքում, 9 գործակալ հեռացվել է աշխատանքից:

 

Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները միջադեպի մանրամասներ են ներկայացրել` հայտնելով, որ սեքս- սկանդալին մասնակցել է մոտ 20 «գիշերային թիթեռնիկ», որոնց մեջ կարող են լինել նաև անչափահասներ: Ըստ այդ տեղեկությունների, սկանդալում ներգրավված է Օբամայի 11 թիկնապահ:


Բարաք Օբաման քննադատել էր իր աշխատակիցների վարքագիծը ու խոստացել մեղադրանքների ապացույցների դեպքում` պատժել նրանց: