Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել «Սիրիայի բարեկամների» դիտորդների մուտքը երկիր. ՄԱԿ
Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել ՄԱԿ-ի այն դիտորդների մուտքը երկիր, ովքեր «Սիրիայի բարեկամ» որևէ երկրի քաղաքացի են, «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը:
Նա նման արարքը «ՄԱԿ-ի տեսանկյունից բացարձակ անթույլատրելի» է անվանել:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ստամբուլում անցկացված «Սիրիայի բարեկամների» խումբն Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդին «սիրիացի ժողովրդի միակ (օրինական) ներկայացուցիչն» է ճանաչել և որոշել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների մշակման աշխատանքային խումբ ստեղծել, ինչպես նաև հիմնադրամ սիրիական ընդդիմության աջակցության համար: «Սիրիայի բարեկամների» խմբի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը և այլն:
Խմբի անդամները նաև իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի խնդրի կարգավորման ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հաստատում, երկխոսություն իշխանության ու ընդդիմության միջև և դիտորդների ազատ տեղաշարժ երկրում: Անանը երեքշաբթի կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ին «արագ կերպով 300 դիտորդ տեղակայել Սիրիայում»:
«Մեզ այնտեղ ականջներ ու աչքեր են պետք»,- ասել էր նա` անդրադառնալով լուրերին, ըստ որոնց` կառավարական զորքը մտել է Համա քաղաք:









