«Թեղուտի օրեր» խորագրով ցուցահանդես՝ Մաշտոցի պուրակում
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ապրիլի 25, 26,27-ին Մաշտոցի պուրակում կցուցադրվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի և բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես:
Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան, մեքենային փակցնելու սթիքեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ, իսկ 1000 դրամով կարելի է գնել Թեղուտի լոգոյով շապիկներ:
Ողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաև նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:
«Քաղաքացիական ամբիոնից «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն` Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող, ինչու է կարևոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարևոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար:
Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:
Միացեք, մասնակցեք»,– ասվում է հայտարարությունում։









