Էրդողանի կուսակիցը հայերից ներողություն է խնդրել
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Իսմեթ Ուչման հայտարարել է, որ 1915 թ.-ին ողբերգական «ցեղի աքսոր է» տեղի ունեցել, ինչի համար ինքը ներողություն է խնդրում:
«Նրանց ցավը մեր ցավն է»,- «Ռադիկալ»-ին տված հարցազրույցում ասել է Ուչման:
Նա նշել է, որ պետք է բացել սահմանը և հայերին հանգիստ ապրելու հնարավորություն տալ:
«Հայերի հանդեպ աքսոր է իրականացվել: 1915 թ-ին աննորմալ մի բան տեղի ունեցավ: Պատմաբանները պետք է բոլոր փաստերը մեջտեղ բերեն: Պետք է բոլոր փաստերը մեկ տեղ հավաքել և գնահատական տալ դրանց: Ավելի ուշ` միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի»,- խորհուրդ է տվել նա:
Ուչման նշել է, որ իր համոզմամբ տեղի ունեցածը ոչ թե «ցեղասպանություն», այլ «ցեղի աքսոր» է եղել:
«Եթե ցանկանային ցեղասպանություն իրագործել` կօգտագործեին այն մեթոդները, ինչ իսպանացիներն ու պորտուգալացիներն են կիրառել Հարավային Ամերիկայի բնիկների կամ գերմանացիները` հրեաների դեմ»,- ասել է նա:
ԱԶԿ անդամը պնդել է, որ այդ ցավը հայերին պատճառել է Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը` «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցությունը:
«Մենք պետք է ասենք, որ այդ ամենի պատասխանատուն մենք չենք` «Իթթիհաթ վե թերաքքիին» է, բայց մենք դրանց համար ներողություն ենք խնդրում»,- ասել է նա:
Անդրադառնալով հայկական սփյուռքին` Իսմեթ Ուչման նշել է, որ Հայկական սփյուռքը չի ներկայացնում բոլոր հայերի տեսակետը և հաճախ նման է թուրք ազգայնականներներին:
«Սակայն պետք է հաշվի առնենք, որ եթե 1915 թ-ին հայերի գլխին այդ իրադարձությունները տեղի չունենային, չէր լինի նաև սփյուռքը»,- ասել է նա:
Անդրադառնալով ներողություն խնդրելուց հետո փոխհատուցման խնդրին, Ուչման հիշեցրել է, որ Թուրքիան արդեն վերադարձնում է համայնքներին պատկանած գույքը:
«Հայ և թուրք ժողովուրդները ձեռք ձեռքի տալով կկարողանան լուծել այդ խնդիրը»,-ասել է նա:
Նա հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանն անհապաղ բացել է պետք` առանց խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապելու:
«Մեզ հետ միասին ապրած, նույն զգացողություններն ունեցած, նույն մշակութային լեզուն օգտագործած մարդիկ արժանի են հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու և դա չպետք է քաղաքական գործիք դառնա», - հայտարարել է Ուչման:









