Անին մի աշխարհ է, բայց աշխարհն ուրիշ Անի չունի. պեղումներն Անիում վերսկսվելու են

11:54 • 26.04.12

Կարս նահանգի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Հաքան Դողանայը տեղեկացրել է, որ Անիում պեղումները կվերսկսվեն հունիսից:

 

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Դողանայը տեղեկացրել է, որ Անիի ավերակները գտնվում են Մետաքսի ճանապարհի վրա` Կովկասից Անատոլիայի մուտքի վրա:

 

«Անին մի աշխարհ է, բայց աշխարհն ուրիշ Անի չունի»,- ասել է նա:
 

Նա պնդել է, որ Անին մշակույթների խաչմերուկ է եղել:
 

Պեղումներն այստեղ դադարեցվել էին երկու տարի առաջ: Արդեն երկու տարի է Անիում աշխատանքներ չէին կատարվում: Սակայն այս տարի պեղումներ կիրականացվեն Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտակայքում, նաև շինության մնացորդները պահպանելուն ուղղված աշխատանքներ կսկսվեն:

 

Միևնույն ժամանակ Անիի ավերակների ճաքերն ու ճեղքվածքները ուսումնասիրելու համար Համաշխարհային մշակութային հիմնադրամը սարք է տրամադրել, որը նույնպես կտեղադրվի հունիսին: