Գալուստ Սահակյանը նորմալ է համարում, որ ՀՀԿ-ականը պաշտպանում է ԲՀԿ-ի թեկնածուին

14:45 • 26.04.12

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թիվ 25 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու չունի և «խտրականություն չի դնում» այն հարցում, թե ո՞ւմ կպաշտպանեն Հրազդանի քաղաքային իշխանությունները: Այս մասին Tert.am –ին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի այն հայտարարությունը, թե ինքը պաշտպանելու է Հրազդանում առաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Քոչարյանին:


Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցում, Արամ Դանիելյանն ասել էր, թե դա ոչ թե ՀՀԿ-ի, այլ իր անձնական որոշումն է, ապա հավելել, որ դրանից ոչ մի ներկուսակցական խնդիր չի ծագի, եթե ինքն իր ընտրազանգվածին ԲՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկելու կոչ անի:


«Մենք պայքարում ենք ՀՀԿ համամասնական ցուցակի համար, ես ինֆորմացիա էլ չունեմ, համենայնդեպս, այդտեղ արգելքներ չկան»,-մեկնաբանեց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ական Դանիելյանի վերոնշյալ հայտարարությունն արդյոք «կուսակցության գլխից վերև թռչել» չի նշանակում:


Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ինքնաառաջադրված են անկուսակցականներ Հովսեփ Քոչարյանը, Մուշեղ Հարությունյանը, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Քոչարյանը:
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը», վերջին շրջանում Հայ հեղափոխական դաշնակցության ու «Բարգավաճ Հայաստանի» հետ գործելով «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի շրջանակներում ( այն է՝ «ոնսենսուս հանած Հանրապետական»- Tert.am), ստորագրել է նաև ընտրությունների համատեղ վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու մասին հռչակագիր. համաձայն հռչակագրի ձևաչափի՝ առանձին մեծամասնական թեկնածուների հարցում համագործացությունն արդեն իրականացվում է: