Ես չեմ պայքարել ՀԱԿ-ի համար, ես քյալա եմ տվել լավ Հայաստանի համար. Գոհար Վեզիրյան

14:39 • 26.04.12

Թիվ 12 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանն ասում է, որ ինքը «քյալա է տվել» և շարունակելու նույնն անել լավ Հայաստան ունենալու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Գոհար Վեզիրյանը ժամանակին «քյալա էր տալիս» ՀԱԿ-ի համար, երբ վերջինիս անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանը հանգստանում էր Դուբայում, այնինչ այսօր Վեզիրյանի հետ նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանն իր դեմ բողոք է ներկայացնում, Վեզիրյանը նշեց, որ ինքը չի պայքարել ՀԱԿ-ի համար, այլ պայքարել է իր համար` որպես քաղաքացի:

«Ես չեմ պայքարել ՀԱԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի համար ու չեմ պայքարելու նոր եկող ընդդիմադիր ուժերի համար: Ես դա արել եմ ինձ համար, ունեցել եմ գիտակցում, որ պետք է այս երկրում ինչ-որ բան փոխվի: Այդ պահին ՀԱԿ-ն է եղել և ես նրանց հետ պայքարել եմ լավ Հայաստան ունենալու համար»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Նրա խոսքով, եթե ՀԱԿ-ի փոխարեն լիներ այլ քաղաքական ուժ, այդ տարիներին ինքը կպայքարեր ա՛յդ ուժի հետ համագործակցելով.«Այդ ժամանակահատվածում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների համար պայքարել է ՀԱԿ-ը, եթե ուրիշ քաղաքական ուժ լիներ, ապա նրանց հետ կպայքարեի»,-
ասաց Գոհար Վեզիրյանը:

Խոսելով իր դեմ Տիգրան Տեր-Պետրոսյանի ներկայացրած դիմումի մասին՝ պատգամավորի թեկնածուն նշեց, որ իրականում իր քարոզչական
պաստառներն օրենքով սահմանված տեղերում են փակցվել, այլ ոչ թե «օրենքով անթույլատրելի տեղերում»՝ ինչպես նշել է Վեզիրյանի մրցակից թեկնածուն:

Նրա խոսքով, օրենքի խախտում կատարել են իր համակիրները, ովքեր այցելելով պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբ, խնդրել են տրամադրել թեկնածուի քարոզչական նյութերը և դրանք փակցրել են շենքերի, տների պատերին:

«Դա ինքնաբուխ գործընթաց է եղել, ես չեմ կարող դա վերահսկել»,- նշեց Վեզիրյանը` առաջարկելով, որ այդ հարցով զբաղվի ոստիկանությունը: