Իրանցի ահաբեկիչների պարագլուխը մտադիր է կանացի զգեստով փախչել «Աշրաֆ» ճամբարից
«Իրանի ազգային մոջահեդներ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մասուդ Ռաջավին մտադիր է կանացի զգեստ կրել ու նման վիճակով այսօր, կամ վաղը փախուստի դիմել Բաղդադի «Աշրաֆ» ճամբարից Լիբերթի ճամբար, MehrNews-ին հայտնել է տեղեկացված մի աղբյուր: Նրա խոսքով` Ռաջավին բազմիցս է նման «դիմակահանդես» կազմակերպել, այդ թվում` Իրանից Իրաք փախչելու համար:
Այս տեղեկությունը հաջորդել է Իրաքի իշխանությունների այն հայտարարությանը, համաձայն որի` պատրաստվում են խմբավորման անդամների ու «Աշրաֆ»-ում բոլոր ապաստանածներին վերաբնակեցնել Լիբերթիում: Ըստ աղբյուրի` Իրաքի իրավապահ մարմինները տեղյակ են Ռաջավիի մտադրության մասին և վերահսկում են իրավիճակը:
Հիշեցնենք, որ Բաղդադի հյուսիսում գտնվող «Աշրաֆ» ճամբարում բնակվում է խմբավորման ավելի քան 3.000 անդամ ու կողմնակից: Նրանք այստեղ բնակվում են արդեն 20 տարուց ավելի, և ներկայում ճամբարը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որն ունի խանութներ, բժշկական կետեր ու այլ օբյեկտներ:









