ԱԺ խորհրդարանական ընտրություններում առաջադրված այլազգի միակ կինը ասորի է
Աժ առաջիկա խորհրդարանական ընտրություններում բոլոր ինը կուսակցությունների համասնական ցուցակում միակ այլազգի կին թեկնածուն Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն է, որ ընդգրկված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակում:
«Ես տեղյակ եմ, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են եզդի համայնքի թեկնածուներ, բայց միայն մեկն է, որ անցողիկ տեղում է։ Բայց կին միայն ես եմ»,-ասաց նա:
Ասորի համայնքի կին ներկայացուցիչը վստահ է, որ ինքը շատ անելիքներ ունի ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:
«Հունվարին «Ժառանգությունը» օրինագիծ ներկայացրեց ԱԺ, որը վերաբերում էր այլ ազգերի ցեղասպանության ընդունմանը: Այն թերի էր, ես իմ նկատողությունները արեցի, բայց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրանք չընդունեց, իբրև թե ինքն է պատգամավորը և ինքն է որոշում»,- ասաց նա։
ՀԴԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Գրիգորյանը համոզված է, որ ԱԺ-ում պակասում է կանանց գործունեությունը և հենց կանայք մեծ դերակատարում կարող են ունենալ ազգային հարցերի լուծման գործում:
«Կինը շատ ավելի մանրակրկիտ կարող է մոտենալ ցանկացած հարցի: Քանի որ ընտանիքում առաջնահերթությունը մի շարք տնտեսական հարցերում տրվում է կնոջը և հենց այդ պատճառով ԱԺ-ում նույնպես կանանց միջոցով կարելի է մեր երազած երկիրը կառուցել: Կինը մեծ աշխատանք կարող է իրականացնել սոցիալական կենսապահովման գործում»,-ասաց նա:









