Այս քարոզարշավն ընթանում է բոլորովին նոր որակներով. Խոսրով Հարությունյան

14:36 • 26.04.12

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ 2012-ի նախընտրական քարոզարշավը «բոլորովին նոր որակի» է:
«Երբեմն իրար վրա ցեխ շպրտելու դրսևորումներ նկատվում են, բայց դրանք մեծամասամբ նշանակություն չունեն և ես կցանկանայի, որ ընդհանուր, դրական ֆոնը պահպանվի»,- այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց նա։


Ըստ Խոսրով Հարությունյանի՝ նման դրական քարոզչական միջավայրի ձևավորմանը նպաստում է իշխանությունը և հեռուստատեսությունը, որը շատ կոռեկտ ու զգույշ է ներկայացնում փաստերը:


«Քաղաքական մրցավազքում ներգրավված հիմնական պատասխանատուների ենթագիտակցության բարձր մակարդակի մասին է խոսում այս դրական ֆոնը: Բայց մեկ նկատառում՝ երևի թե ինչքան մոտենանք ֆինիշին, այնքան կրքերը կթեժանան և մենք հնարավոր է ականատես կլինենք, հանիրավի, կոշտ քայլերի»,- իր մտավախությունը հայտնեց Խոսրով Հարությունյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ դրանք ազդեցություն չեն ունենա ընտրությունների ելքի վրա:


Հարցին՝ թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի Հարավ-Արևմտյան թաղամասի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու փաստին և դրա հետևանքով առաջացած քաշքշուկին՝ պատասխանեց. «Դա համատարած չէ, առանձին դեպք էր. ցավում եմ նման բաների համար: Բայց կուսակցությունը մի բան է, թեկնածուի շտաբի անդամների գործունեությունը՝ մեկ այլ բան»,-եզրափակեց ՀՔԴ կուսակցության նախագահը: