Հայտնի է դարձել ամերիկահայ երիտասարդների` Օբամային ուղղված նամակի բովանդակությունը
ԱՄՆ-ի Արևմուտքի Հայկական Երիտասարդական Միությունը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Նամակում մասնավորապես ասվում է.
«Սիրելի նախագահ, 2008 թվականին, երբ դուք առաջադրել էին ձեր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, բազմաթիվ ամերիկահայեր իրենց քվեն տվեցին այն նախագահին, ով հաստատապես կճանաչեր Հայոց Ցեղասպանությունը: Հավատալով Ձեր այն խոսքերին` «որպես նախագահ, ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», հայ համայնքը քվեարկեց Ձեր օգտին՝ հուսալով, որ ամեն ինչ կփոխվի: Մենք ձայն տվեցինք այնպիսի նախագահի, ով կհարգեր մարդու իրավունքները և կտարբերվեր նախորդ նախագահներից:
Այնուամենայնիվ, մեզ համար՝ հույսի և փոփոխության Ձեր խոստումն այդպես էլ մնաց չիրականացված: Վերջին երեք տարիների ընթացքում մենք գամվում էինք հեռուստաէկրաններին՝ հույս ունենալով Ձեր ուղերձներում լսել «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը: Ամերիկայի հայ համայնքը հիասթափված է այն հանգամանքով, որ Դուք բնորոշում եք Հայոց Ցեղասպանությունը որպես «Մեծ եղեռն»: Դուք նաև չեք նշում զոհերի թվի մասին:
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ձեր մոտեցումը հակասում է Օսմանյան Կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած դեպքերին, մարդու իրավունքների տարբեր կազմակերպությունների այդ թվում՝ ցեղասպանությունների դատապարտման, կողմից ընդունված դիրքորոշումներին: Միաժամանակ դուք վարում եք պատժամիջոցների քաղաքականություն Սուդանի կառավարության նկատմամբ, ով Դարֆուրի մարզում ցեղասպանություն է իրականացրել իր սեփական ժողովրդի դեմ: Դուք չվարանեցիք սահմանել այդ գործողությունները որպես ցեղասպանություն: Եվ այսօր, մենք՝ ամերիկահայերս հարցնում ենք`ինչո՞ւ եք Դուք դժվարանում համանման բնորոշում տալ հայ ժողովուրդի հետ կապված իրադարձություններին:
Այժմ, երբ մոտենում է ձեր նախագահության վերջին շրջանը և դուք ուզում եք նորից վերընտրվել, հայ համայնքը իրեն խաբված է զգում: Մենք բազմաթիվ միջոցներ, ժամանակ և ջանք ենք գործադրել Ձեր ընտրություններիի ընթացքում, սակայն այս չորս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ ձեր խոստումներն ընդամենը քարոզարշավային հռետորություն էր:
Այնուամենայնիվ, ձեր նախագահության վերջին շրջանում դուք դեռ հնարավորություն ունեք կատարել Ձեր նախընտրական խոստումները: 2008 թվականին Դուք գրավեցիք ամերիկահայերին` արդարադատության, արդարության և պարկեշտության կոչերով. ամերիկահայերը կիսում են այս արժեքները և ակնկալում, որ մեր նախագահը ճիշտ քայլեր կձեռնարկի մի հարցում, որը շատ կարևոր է յուրաքանչյուր ամերիկահայի համար: Այս ապրիլի 24-ին երես չթեքեք մեր համայնքից: Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և վերականգնել արդարությունը»:









