Եվրամիության տապալումը պատմության մեջ առաջին անգամ իրատեսական է. Շուլց

15:06 • 26.04.12

Եվրամիության տապալումը պատմության մեջ առաջին անգամ «իրականանալի սցենար» է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Մարտին Շուլցը: The Wall Street Journal-ի հաղորդմամբ` նա Եվրահանձնաժողովի անդամներին ուղղված իր ելույթում ներկայացրել է մի տխուր սցենար, որին կարող են բախվել Եվրամիության անդամ երկրները:


«Տարածաշրջանի շատ երկրներում աճում է քսենոֆոբիան, եվրոն` որպես արժույթ, հարցականի տակ է, շենգենյան գոտու շրջանակում Եվրոպայի ներքին բաց սահմանները գտնվում են սպառնալիքի տակ»,- ասել է Շուլցը:

 

Ըստ նրա` վերջին ամիսներին «ականատես ենք անհանգստացնող միտման», երբ պետությունների ու կառավարությունների ղեկավարները սկսել են միայն իրենց օգտին որոշումներ կայացնել, «իսկ նման խնդիրների քննարկումներն ու ընդունումն անցնում են փակ դռների ետևում»:

 

Շուլցն ասել է, որ եվրագոտու երկրները ցնցված են ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքից ու այն խնդրից, որ Հունաստանում ճգնաժամը կարող է տարածվել նաև Իսպանիայի ու Իտալիայի վրա:

 

Ըստ նրա` եվրագոտու շատ երկրներում իրագործվող բյուջետային տնտեսական միջոցառումները թուլացնում են տարածաշրջանի տնտեսության վերականգնման տեմպերը` շարունակվող ճգնաժամի պայմաններում: