Գագիկ Ծառուկյանի զենք կրելը և՛ դրական, և՛ բացասական անդրադարձ կարող է ունենալ. քաղաքագետ
Լուսանկարը` Panarmenian-ի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` զենքով քարոզարշավի գնալը կարող է լուրջ անդրադարձ ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մարդիկ և՛ լավ, և՛ վատ իմաստ կարող են տեսնել դրա մեջ: Լավն այն է, որ կարող են ասել՝ դե, եթե զենքով է ման գալիս, ուրեմն կկարողանա պահել մեր ձայները, իսկ վատն այն է, որ, պարզապես, զենքը կրելը բացասական իմաստ ունի մարդկանց մոտ»,-մեկնաբանեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզչության շրջանակներում, բնակիչների հետ հանդիպման գնացել էր զենքով: Դրանից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքեց զենք կրելու հանգամանքը, փոխարենը, հայտարարեց, թե դա եղել է հեռախոս: Ծառուկյանի՝ զենքով ընտրողներին հանդիպման գնալու մասին լուրը հերքեց նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս անգամ լրատվամիջոցներին ցույց տվեց, որ իր մոտ եղել է հեռախոս: Սակայն ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ իր հերթին հայտարարեց, թե տարածված տեսանյութից իր ստացած տպավորության համաձայն իր տեսածը զենք է: ԲՀԿ նախագահին այլ բան չէր մնում, քան հայտարարել, թե իր մոտ եղել է և՛ հեռախոս, և՛ զենք:









