Ձանձրալին ու Տաղտկալին կդառնան քույր գյուղեր

12:04 • 26.04.12

Անսովոր անվանումներով երկու բնակավայրեր որոշել են պաշտոնականացնել հարաբերությունները և դառնալ քույր գյուղեր: Խոսքն ամերիկյան Օրեգոն նահանգում գտնվող Ձանձրալի (Boring) և շոտլանդական Տաղտկալի (Dull, որը թարգմանաբար նշանակում է նաև բութ) գյուղերի մասին է, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Գյուղերը «քույրացնելու» գաղափարը պատկանում է Շոտլանդիայի մի բնակչուհու, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգից: Նա հեծանվով զբոսանքի ժամանակ հայտնաբերել է Ձանձրալիին և վերադառնալով` վերջինիս մասին պատմել Տաղտկալիի իշխանություններին, ինչից հետո որոշվել էր բարեկամություն հաստատել բնակավայրերի միջև:

 

Պաշտոնապես նրանք քույր քաղաքներ կդառնան հունիսի 5-ին:


Շոտլանդական Տաղտկալիում բնակվում է 40-60 մարդ, այնտեղ գինետներ ու խանութներ չկան, ինչի համար գյուղացիները ստիպված գնում են այլ գյուղեր` գնումներ կատարելու: Ամերիկյան Ձանձրալիում բնակվում է մոտ 13 հազ մարդ: