Թիվ 6-րդ ընտրատարածքի թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ դիտորդի հետ
Մայիսի 2-ին թիվ 6 ընտրատարածքում ընդդիմադիր «Հայ ազգային Կոնգրեսի» կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանը հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Անդրեա Մոկանուի հետ` Ռումինիա:
Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբի տեղեկացմամբ, Ավետ Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին ներկայացրել են թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը:
Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին տեղեկացրել են նաև այն մասին, որ ընտրացուցակներում առկա է 252 մահացած անձանց անուններ, որոնից ցուցակներից հանվել է միայն 92-ի տվյալները:
Պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչները դիտորդին ներկայացրել են նաևևւ Ոստիկանության արձագանքը` կալանավորների եւ զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի ուշադրությունն են հրավիրել նաև մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի վրա: Մասնավորապես, տեղեկացվել է, որ ընտրացուցակներում` տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուններ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում:
Ավելին, բնակարանների սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ են ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել է Ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել գրանցված անհայտ անձանցից 82-ի տվյալները, նշելով, որ ինքը 6 սեփականատերերից ունի համապատասխան դիմում բողոքներ:
Ոստիկանությունը պահանջել էր այդ 6 դիմումները, սակայն Պողոսյանի շտաբի ներկայացուցիչը այդ դիմումները Ոստիկանությանը չէր փոխանցել` պնդելով, որ Ոստիկանությունը գրանցումից հանի իր կողմից նշված բոլոր 82-ին: Որոշ ժամանակ անց Ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն, ընդ որում, հետաքրքրականն այն է, որ նրանցից եւ ոչ մեկը Աղաբեկյանին դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել:









