Ընտրակաշառքների ցուցահանդես Երևանում (լուսանկարներ)

17:23 • 02.05.12

«Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը այսօր կազմակերպեց հերթական քաղաքական ցուցահանդեսը՝ «Թումանյանական ընթերցումներ» խորագրով: Այն, մասնավորապես, վերաբերում էր ընտրակաշառքներին: Ցուցահանդեսում տեղ էին գտել բոլոր այն ընտրակաշառքի ձևերը, որոնք տրվել են 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում: Դրանց մեջ էին դդումի մուրաբան, կարտոֆիլը, հացահատիկը, ձուն:

 

Արվեստագետների խումբը ընտրակաշառք էր համարել նաև համատարած իրականացվող ասֆալտապատումը, այդ պատճառով ցուցահանդեսի մաս էր կազմել նաև ասֆալտը:
«Ցուցահանդեսի նպատակը կրկին ընտրակաշառքների մասին բարձրաձայնելն է, որ չլինի էնպես, թե տվեցին՝ անցավ, մոռացվեց գնաց: Բոլորը գիտեն սրա մասին, բայց ոչ մեկ չի պատժվում»,-ասաց «Արտ Լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամ, նկարիչ Հովհաննես Մարգարյանը:


Հարցին, թե արդյոք նման միջոցառումների կազմակերպման դեպքում հնարավոր է կանխել ընտրակաշառքի երևույթը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կանխել հնարավոր կլինի, բայց մեսիջը տեղ կհասնի, ինչն էլ հենց մեր նպատակն է»,-ասաց նա:

 

Ցուցահանդեսի խորհրդանիշը 5000 դրամանոց թղթադրամն է, որը ամենաշատ տարածված ընտրակաշառքն է: Եվ քանի որ 5000 դրամանոց թղթադրամի վրա Հովհաննես Թումանյանն է պատկերված, հենց այդ պատճառով էլ անցկացվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

Բացի ընտրակաշառքներից, ցուցահանդեսին ներկայացված էին նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանի նամակները իր ընտրատարածքի բնակիչներին: Այն ցույց էր տալիս առաջադրված թեկնածուների ունեցած բարդությունների մասին ընտրարշավի ընթացքում:

 

Ցուցահանդեսի ներկայացված էր նաև Լյուդվիգ Խաչատրյանի «Ընտրական իրավունքն ու ընտրակեղծիքները» գրքից աղյուսակներ: Դրանցում նշված էին նաև ՀՀ-ի այն գյուղերը, որոնց բնակչության թիվը խիստ տարբերվել է ընտրողների թվից: Օրինակ նախորդ խորհրդարանական ընտրություններին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչների թիվը եղել է 4610, սակայն ընտրություններին մասնակցել է 5218 մարդ:

 

Արվեստագետների խումբը միշտ անդրադառնում է քաղաքական այն իրադարձություններին, որոնք իրենց կարծիքով հրատապ են: Նախորդ ցուցահանդեսը խումբը ներկայացրել էր 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտի 1-ի դեպքերի առիթով: Նման ցուցահանդեսների գաղափարը, կազմակերպիչների փոխանցմամբ, բաց ու դեմոկրատական հասարակություն ունենալու ցանկությունն է:


Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 7-ը: