Հայաստանը տուգանվել է «Եվրատեսիլ-2012»-ի մասնակցությունից հրաժարվելու պատճառով
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) Հայաստանին տուգանել է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար, որը պետք է կայանա Բաքվում մայիսի վերջին: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը:
Նրա խոսքերով, նման որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաև պետք է վճարի այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել հայտնել Հայաստանի մասնակցավճարի չափը: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից, ավելացրել է խորհրդի ներկայացուցիչը:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել:
«Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», - նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին:
Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի նման քայլը «Խորհրդի կանոններին չի համապատասխանում»:









