Վրաստանում Սփյուռքի խորհրդարան կստեղծվի
Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի աշխատակազմը Սփյուռքի խորհրդարան ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, հայտնում է GHN-ը: Այն կգործի պետնախարարի աշխատակազմի ներքո:
Այս նախաձեռնության մասին այսօր խորհրդարանականներին իրազեկել է Սփյուռքի հարցերով պետնախարար Պապունա Դավիթայան: Նրա խոսքով` որպես հիմք է ընդունվել Իտալիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի փորձը:
Նախագծի համաձայն` Սփյուռքի խորհրդարանում ներկայացված կլինի 45 պատգամավոր, որոնց կընտրեն երկրից դուրս բնակվող և համապատասխան կարգավիճակ ունեցող համաքաղաքացիները: 30 պատգամավորի կընտրեն նրանք, իսկ 15-ին կնշանակի պետնախարարը:
Խորհրդարանը նիստ կգումարի տարին մեկ անգամ, Քութայիսիում: Այն կունենա նախագահ ու խոսնակ, ով միևնույն ժամանակ կլինի Վրաստանի խորհրդարանի պատվավոր անդամը:
«Մենք ցանկանում ենք, որ տարբեր երկրներում բնակվող մեր համաքաղաքացիները զգան, որ նրանք նույնպես մասնակցում են երկրի կյանքին»,- ասել է նա:









