Ընտրացուցակներում անճշտությունների մասին տեղեկությունների հիմնական մասն անհիմն է. Օպերատիվ շտաբ
ՀՀ Ոստիկանության օպերատիվ շտաբն ընդհանուր առմամբ ընտրականան խախտումների վերաբերյալ մինչ օրս ստացել է 34 ահազանգ,որոնք քննարկվել կամ քննարկման փուլում են,այս մասին այսօր շտաբի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
«Ստուգման փուլում գտնվող երեք դիմումներ անհիմն լինելու պատճառով թողնվել է անհետևանք: Որպես հանցագործություն դիտված 8 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարցումը մերժելու մասին, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 117 հոդվածի հիման վրա՝ այն է առաղջությանը թեթև մարմնական վնասվածքի պատճառելը, 21 նյութեր նախապատրաստական ընթացքում են»,-մանրամասնեց նա:
Նրա խոսքով, ահազանգերից 2-ը կաշառք բաժանելու մասին է, սակայն, ահազանգողներն ասել են, որ իրենք այդ մասին լսել են:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն էլ անդրադարձավ ընտրացուցակների թեմային, ըստ որի, Ոստիկանությունը ստացել է, ընդհանուր առմամբ, ընտրացուցակների մասով 6.411 տեղեկություն, որոնցից Ոստիկանության կողմից ձեռք բերված և մշակված տեղեկությունները կազմել են 3.592 և տարբեր անձանցից 2.819-ը:
«Ընդհանուր տեղեկություններից 5.668-ը վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց, 413–ը հաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված անձանց, 175–ը հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց տեղեկություններ են եղել, և շուրջ 155–ը եղել են անհատական տեղեկություններ, մասնավորապես հասցեների կամ կրկնվող անձերի»,- ասաց նա:
Ըստ Օսիկյանի՝ ուղղումներ են կատարվել 3.818 անձանց հետ կապված տվյալների դեպքում, որոնցից մահացած անձանց մասին 3.795 տեղեկություններից հերքվել է 1.883-ը, 413 դեպքով չհաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված բոլորը տեղեկությունները հերքվել են, 175 հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց տեղեկություններից միայն 5 դեպքն է հաստատվել, իսկ սխալ հասցեների կամ կրկնվող դեպքերի 155 անհատական տեղեկություններից, հաստատվել է 18 դեպքը:
«Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ որպես անճշտություն միայն 23 դեպքով է եղել հիմանվորված այս կամ այն ներկայացված տեղեկությունը։ Ինչ վերաբերում է մահացած անձանց ցուցակում ընդգրկելուն, ապա դրանք հիմնականում վերաբերել են սահմանված ձևով մահը չգրանցելու արդյունք, վատ վարչարարության արդյունք չունենք»,-ասաց նա:
Ընդհանուր տեղեկություններից օպերատիվ շտաբը միայն ընտրական շտաբներից ստացել է 1.072 հաղորդումն, ՀԿ-ներից՝ 100, մեծամասնական ընտրական հանձնաժողովի թեկնածուներից՝ 671, նաև ԶԼՄ-ներից, անհատներից, ոստիկանության թեժ գծից:
Օսիկյանը, ի դեպ, նկատեց, որ շատ դեպքերում ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվել, սակայն նա հավատացրեց, որ իրենք չեն զլացել և գնացել են դրանց հետքերով՝ տալով պարզաբանումներ:
Արթուր Օսիկյանը, մասնավորապես, անդրադարձավ մի քանի դեպքերի, որոնք շահարկվել են և տեսանյութով ապացուցելով իր տեղեկությունը, օրինակ բերեց Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե օրինակ՝ «Արմեն Վահանգնի Պողոսյանի» և «Պողասյանի», այսինքն՝ մեկ տառի փոփոխությամբ միտումնավոր մուտքագրվել է երկու անձնագիր, մեկ անձի վերաբերյալ:
«Նշեմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա և հիշեցրեց, որ առաջին անգամ անձը անձնագիր ստացել է 1995 թ-ին , որից հետո տեխնիկական վրիպակով անձը մուտքագրվել է համակարգ: Ինչ վերաբերում է նույն անուն, ազգանուններով մարդկանց, ապա դրանց թիվը, ըստ նրա, կազմում է 115-ը:
Արթուր Օսիկյանը նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ քաղաքացիների ծննդյան օրվա, ամսաթվի դիմաց զրոներ են գրված եղել։ Նրա խոսքով՝ այդպես է նշվել, քանի որ այդ մարդկանց ծննդյան օրն ու ամսաթիվը հայտնի չի եղել: Այդպիսի մարդկանց թիվը կազմում է 53.000, որոնք ըստ գեներալ-մայորի, հիմնականում Հայաստան ներգաղթածներն են:
Օսիկյանը նաև նշեց, որ ցույց են տրվում օրինակներ, սակայն պարզվում է՝ իրականության հետ կապ չունեն: Նա հավատացրեց, որ ցանկացած օրինակի ետևից գնացել են, որի արդյունքում էլ Ոստիկանության նման գործելաոճը զարմացրել շատերին:









