Սերժ Սարգսյանին Հրազդանում մոտեցել է մարտական ընկերը

17:45 • 02.05.12

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանդիպեց հրազդանցիների հետ և, նշելով, որ ինքը Հրազդանում ունի շատ մարտական ընկերներ, ասաց, որ այսօր հանդիպել է հենց այդ մարդկանցից մեկին։


«Մարմարիկում ինձ մի մարդ մոտեցավ և ասաց «բարև, կամանդիր», ասացի բարև զինվոր»,- ասաց Սերժ Սարգսյանը:


«Եթե կան մարդիկ, ովքեր փոխում են իրենց սկզբունքները, Աստված իրանց հետ, սակայն մենք երբե՛ք չենք կարող մոռանալ մեր մարտական ընկերների թափած արյունն ու չենք թողնի, որ այդ թափած արյունն իզուր անցնի», -ավելացրեց նա։


ՀՀԿ ղեկավարը նման խոսքեր ասաց հենց հրազդան քաղաքում, որտեղ մեծ հեղինակություն է վայելում Սասուն Միքաելյանը, ով նախկինում ՀՀԿ-ական էր, սակայն այժմ սատարում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին:


Սասուն Միքաելյանի և Սերժ Սարգսյանի երբեմնի ընկերության մասին հայկական մամուլում շատ է գրվել, իսկ Սասուն Միքայելյանը մինչ օրս նշում է, որ ինքը նախագահի հետ մարտական ընկեր է, և մարտական ընկերությունը երբեք չի մոռացվի:
Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Սասուն Միքայելյանը, ով այս տարվա փետրվարին քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարտվեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին: