Ֆրանսիայի ՆԳՆ-ն խոստանում է Սարկոզիի վերընտրվելուց 40 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը խոստանում է Նիկոլա Սարկոզիի վերընտրվելու դեպքում երկրից 2012թ. ընթացքում 40 հազար անօրինական ներգաղթյալ արտաքսել, ինչը 20%-ով ավել է 2011թ. իրականացվածից, հայտարարել է նախարարը LCI տեղեկատվական հեռուստաալիքի եթերից:
«Մենք պատրաստվում ենք 2012 թվականին 40 հազար օտարերկրյա ներգաղթյալ արտաքսել, ովքեր անօրինական կերպով մեր երկրում են», - հայտարարել է ՆԳ նախարարը:
Իր հերթին գործող նախագահի մրցակից, նախագահի թեկնածու Օլանդի թիմում անվտանգության հարցերի պատասխանատու Ֆրանսուա Ռեմբսենը նշել է, որ արտաքսվելիք ներգաղթյալների 1/3-ը Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիներ կլինեն: Նրա կարծիքով, գնչուները սեփական երկիր վերադառնալու նպաստ ստանալով, հետագայում նորից վերադառնում են Ֆրանսիա:
Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով, 2011թ. Ֆրանսիայից արտաքսվել է մոտ 33 հազար անօրինական ներգաղթյալ, որոնց թվում 10 հազար Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացի գնչուներ, որոնց նկատմամբ նման խիստ միջոցառումներ իրականացրեց Սարկոզին` 2010թ ամռանը երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած անկարգություններից հետո:









