Լիբիայի նոր ղեկավարությունը շինծու կեղծիք է համարում Կադաֆիի կողմից Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու մասին փաստաթուղթը

22:31 • 02.05.12

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը փաստաթուղթը, որը իբր թե տեղեկություն է պարունակում այն մասին, թե երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին 2007թ. ֆինանսավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը, «շինծու կեղծիք» է համարում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալալիլին:


«Մենք համարում ենք, որ դա շինծու կեղծիք է», - հայտարարել է նա:


Մարտի 12-ին ֆրանսիկան Mediapart պարբերականի կողմից հրապարակված փաստաթուղթը, որում ասվում է իբր լիբիական նախկին ռեժիմը 2007թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Սարկոզիին 50 մլն եվրո է փոխանցել նախընտրական քարոզարշավի կարիքների համար:


Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ քարոզարշավի ֆինանսավորման շուրջ բանակցությունները վարել են Կադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը և ոմն Զ.Թ.-ն, ով, լիբիական ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ Թաքիեդինն է:


Մեկ տարի առաջ Սեյֆ ալ Իսլամը Սարկոզիից ետ էր պահանջել գումարը: Նա նշել էր, որ լիբիական իշխանություններն ունեն գումարի փոխանցման մասին վկայող բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում` բանկային հաշվեհամարներ ու բանկային փոխանցումների մասին վկայող փաստաթղթեր:


Այդ ժամանակ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար, Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ղեկավար Կլոդ Գեանը հայտարարել էր, որ Լիբիան նման ապացույցներ ունենալ չի կարող:


Քաղաքական սկանդալի նոր ոլորանը լարվում է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին` մայիսի 6-ին, մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել: