Կարելի է ասել` մեծացել եմ գրադարանում. ինչպե՞ս Ստյոպա Սաֆարյանը մտավ քաղաքականություն

17:48 • 02.05.12

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր և պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ գրքերի հետ իր կապված լինելը բացատրվում է, թերևս, այն հանգամանքով, որ ինքը փոքր հասակում շատ է եղել գրադարաններում և գրեթե այնտեղ է մեծացել։


«Երբ ես փոքր էի, ինձ պահող չկար, դրա համար մայրս հաճախ էր ինձ հետը տանում աշխատանքի։ Նա աշխատում էր գրադարանում, և կարելի է ասել, որ ես, փաստացի, մեծացել եմ գրադարանում։ Երևի, դա է պատճառը, որ շատ եմ կապված գրքերի, գրադարանային աշխարհի հետ», - Tert.am–ի հետ զրույցում իր անձնական կյանքի ուշագրավ դրվագները «գաղտնազերծեց» նա։


Պատգամավորի թեկնածուն նշեց, որ ինքն ընտանիքի 5–րդ զավակն է, և անցանկալի հյուր է եղել իր ավագների համար, քանի որ անընդհատ իր լացով խանգարել է նրանց։

Քաղաքականությունում հայտնվելը Սաֆարյանի համար նախատեսել էր ճակատագիրը, քանի որ ինքն անձամբ, այլ բան էր որոշել իր համար։


«Փոքր ժամանակ շատ եմ ուզել սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական դառնալ։ Հատկապես, 88թ-ի երկրաշարժից չափազանց ազդված, սկսել եմ զբաղվել սեյսմոլոգիայով՝ լավ ավարտելով համալսարանը, լինելով լավ շրջանավարտ, շատ լավ ուսանող։ Այսինքն՝ սա նշում եմ նրա համար, որ բոլոր տվյալներն ունեցել եմ լավ գիտնական դառնալու համար, սակայն կյանքն ինձ համար պետական կառավարում, տեղական ինքնակառավարում էր նախատեսել»,– պատմում է նա՝ շեշտելով, որ մինչ կառավարման համակարգի ոլորտում հայտնվելը չափազանց շատ է հետաքրքրված եղել բնության երևույթներով։

Սաֆարյանի խոսքով՝ կառավարման ոլորտում հայտնվելով ինքը դարձել է կատարելապես այլ մարդ՝ իր մեջ բացահայտելով, անգամ իր համար, անհայտ հատկանիշներ։ «Ես հասկացա, որ իմ տեղը հասարակական գործունեությունն է և, միգուցե, ես դեմ եմ գնացել նրան, ինչ նախատեսել էր կյանքն ինձ համար։ Իսկ բնության նկատմամբ հետաքրքրությունս ինձ այսօր էլ շատ օգնում է»,– բացատրում է պատգամավորի թեկնածուն։


ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավարի խոսքով՝ քաղաքականություն հայտնվելու հարցում իր համար բախտորոշ եղավ այն հանգամանքը, որ ինքն աշխատանքի անցավ Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես փորձագետ։

 

Ինչպես հիշեց Ստյոպա Սաֆարյանը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է ընդգրկվել «Ժառանգության» ընտրացուցակում, ինքն անկեղծորեն ուրախացել ու համաձայնել է։ Այսօր, սակայն, պատգամավորի թեկնածուն այն կարծիքին է, որ այսօր էլ իրեն քաղաքականության մեջ օգնում է քաղաքական վերլուծություններ անելու իր ունակությունը, ինչի շնորհիվ է, որ «այսօր ես հասկանում եմ քաղաքական գործընթացները և, այսպես ասած, այն քաղաքական խաղերը, որոնք լինում են»։

 

Ստյոպա Սաֆարյանը խոսեց նաև իր ընտանիքի մասին՝ շեշտելով, որ 2006թ. իր ամուսնությունն արմատապես փոխել է իր կյանքը։ Եվ չնայած կինը հաճախ է սրտնեղել նրա գրաֆիկից, աշխատանքային ռեժիմից, սակայն բոլոր հարցերում և նախաձեռնություններում օգնել ու սատարել է իրեն։