Մեր կարգի մարդիկ ոչ մի գաղափար ու շարժում չեն դավաճանում ու, սովորաբար, մեզ են դավաճանում. Սուրեն Աբրահամյան
Եթե ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը», որպես քաղաքական կառույց, շարունակի պայքարը նախագահական ընտրություններում և, պայքարի, հատկապես, «երկրում սահմանադրական կարգը հաստատելու համար», ապա «Հանրապետություն» կուսակցությունը կլինի վերջինը, որ կթողնի Կոնգրեսը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշել է ոչ միայն խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից, այլ ընտրություններից հետո դուրս գալ նաև Հայ ազգային կոնգրեսի կազմից: Ի դեպ, այս մասին, Արամ Սարգսյանը մտադիր է խոսել ավելի ուշ:
Սուրեն Աբրահամյանը ևս հաստատեց, որ՝ այո, երբ ընտրությունների արդյունքում Կոնգրեսը որոշակի թվով տեղեր ձեռք բերի ձևավորվելիք խորհրդարանում, ապա Արամ Սարգսյանն իր մանդատը վայր կդնի:
Սակայն «Հանրապետություն» կուսակցության անդամ Աբրահամյանը միանգամից էլ հավելեց.«Բայց հաջորդ իսկ պահին՝ կներգրավվի (Արամ Սարգսյանը- Tert.am) ապագա նախագահական ընտրություններում՝ ռեալ իշխանափոխություն ապահովելու համար»:
Վերջինս հիշեցրեց, որ այս մասին նոր չէ, որ ասվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահի և կուսակցության ակտիվ անդամների հայտարարություններում: Մինչդեռ նշենք, որ Արամ Սարգսյանն այս պահին ձեռնպահ է մնում անձամբ խոսել այս հարցերի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև հավելել է, որ Արամ Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, թե իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ:
Մեր հարցը, թե՝ «Հանրապետություն» կուսակցությունում պաշտպանո՞ւմ են Արամ Սարգսյանի այս դիրքորոշումը, նույնիսկ զարմացրեց Սուրեն Աբրահամյանին. վերջինս հիշեցրեց, որ «Հանրապետություն» կուսակցությունն էր, որը հանդես եկավ բարոյական ժեստով՝ իր տեղերը զիջելով Կոնգրեսի մաս կազմող մյուս կուսակցություններին: «Երբ սկսվեց…Կոնգրեսում սկզբունքների, մոտեցումների ցուցակա… կռիվ չասեմ, ցուցակավեճը, մեր կուսակցության ներկայությունն ապահովվեց միայն Արամ Սարգսյանի մասնակցությամբ: Դա հրաշալի ձևաչափ է, երբ քո նպատակը ոչ թե մանդատն է, տաքուկ տեղ փնտրելը, այլ պայքարը ավարտական նպատակին հասցնելը: Այսինքն՝ մանդատ նվաճելը մեզ համար գերագույն նպատակ չի եղել, այլ որոշակի հանգրվան՝ ապագա նախագահական ընտրություններում իշխանափոխություն կատարելու համար»,-մեկնաբանեց Սուրեն Աբրահամյանը:
Նշենք, որ, ըստ որոշ ոչ պաշտոնական լուրերի, ներկայումս լարված են Արամ Սարգսյանի և Կոնգրեսի հարաբերությունները: Իբրև պատճառ, մի կողմից նշվում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի՝ Բրյուսել մեկնելը, ինչը ըստ մեկնաբանությունների՝ դուր չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ իր հերթին Արամ Սարգսյանին դուր չի գալիս ՀԱԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ-ի հետ միասնական շտաբ ձևավորելու գաղափարը՝ թեկուզ ազատ, արդար ընտրությունների անցկացման գեղեցիկ նպատակի շուրջ:
Նույնիսկ նշվեց, որ Արամ Սարգսյանը ևս հայտարարել է, որ սա Ռոբերտ Քոչարյանին կից օպերատիվ շտաբ է:
Ի պատասխան շրջանառվող լուրերի, Սուրեն Աբրահամյանն ասաց. «Արամ Սարգսյանի կարծիքի համար կարող եք իրեն դիմել, ես էդ հարցով մեկնաբանություն չունեմ: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա նրա հիմնական կորիզը և նրա քաշող ուժը՝ համար 1-ը՝ Արամ Սարգսյան, 2-ը՝ Սմբատ Այվազյան, և մնացած մեր բոլոր տղաները, ապա մենք ի տարբերություն շա~տ-շա~տ քաղաքական ուժերի, երբեք արևի տակ մեր տեղը չենք փնտրել: Մենք նվիրյալներ ենք՝ երկրում նորմալ, օրինական, ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն ձևավորելու հարցում: Մենք սատարել ենք Ստեփան Դեմիրճյանին, մենք սատարել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, մենք ՀԱԿ-ի անբաժան մասն ենք այսօր»:
Սուրեն Աբրահամյանը իր պատասխանն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Մեր կարգի մարդիկ, սովորաբար, ոչ մի գաղափար ու շարժում չեն դավաճանում ու սովորաբար մեզ են դավաճանում»:
Այս առումով, հավելյալ «փակագծեր» չբացվեցին:
Նշենք, որ ընդդիմության մեկ այլ թևից միջնորդավորված հնչեցին մեղադրանքներ, թե ինչո՞ւ էր Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել, հայտարարել, որ պաշտպանելու է «ո՛չ Սերժին, ո՛չ Լևոնին, այլ իր ավագ եղբոր ընկերներին»: «ֆեյսբուքահայության» ՀԱԿ-ական հատվածի կողմից Արմեն Սարգսյանի խոսքը բուռն քննարկումների տեղիք տվեց: Անգամ, այս առիթով հնչած Արամ Սարգսյանի պատասխանին, թե՝ Արմենն իմ եղբայրն է ու ես նրան սիրում եմ այնպես, ինչպես որ է, օգտատեր Հրանտ Տեր-Աբրահամյանը հակադարձել էր՝ «Լա~վ էլի, հո մանկապարտեզ չէ. եղբայրը պատասխանատու չէ եղբոր համար, ամուսինը՝ կնոջ» (ակնարկն ուղղված էր Տիգրան Խզմալյանին-խմբ):
Զուգահեռաբար, հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը լոյալ վերաբերմունք ունի Արամ Սարգսյանի նկատմամբ: Օրինակ՝ ՀՀԿ Գործկոմի անդամ Ռուբեն Հայրապետյանը մշտապես պնդում է, որ հարգում է ՀԱԿ-ի միայն երրորդ համարին՝ Արամ Սարգսյանին:
Ի պատասխան վերը թվարկված դիտարկումների, Սուրեն Աբրահամյանը նշեց, որ հարցերը վերաբերում են ոչ այնքան քաղաքական գործընթացներին, որքան մարդկային հարաբերություններին:
«Արամ Սարգսյանը բացառիկ ազնիվ անձնավորություն է և իր նպատակն է էս երկիրը նորմալ տեսնել, այլ ոչ սեփական ամբիցիաներին հագուրդ տալ… Մարդիկ ալարում են սեփական ընտանիքի համար հաց առնել, տասը տարի է՝ ամեն առավոտ Արարատից գալիս է Երևան՝ ակնկալիքով, որ մի օր էս երկրում, էս պետականության համար լույս է բացվելու: Ո~նց կարելի է էդ մարդու մասին վատ բան մտածել»,– դժգոհեց նա:
Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ նման բաներ ասողները բանսարկուներ են և քաղաքական պոռնիկներ:









