1in.am–ը հակերային հարձակման է ենթարկվել

11:38 • 03.05.12

1in.am լրատվական կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկանում ենք կայքի Facebook–ի էջում տեղադրված հայտարարությունից։ «Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները և ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում և Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նաև հատկանշական է համարվում, որ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ և մամուլի ազատության նախօրեին: