ՀԱԿ-ը դժգոհելով՝ նվազեցրել է իր ընտրազանգվածը. Ահարոն Ադիբեկյան
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի քարոզարշավն ամենաանհաջողն էր, որի հետևանքով նրանց համակիրների թիվը երեք անգամ նվազել է:
Այսօր ասուլիսի ժամանակ Ադիբեկյանը նշեց, որ սրանով կասկածի տակ է դրվում ՀԱԿ-ի` խորհրդարանում հայտնվելը: Ըստ սոցիոլոգի, ՀԱԿ-ի վարկանիշի նվազման պատճառը՝ անընդհատ դժվարությունների մասին խոսելն է: Բացի դրանից, ՀԱԿ-ը բարձրացնում է մաքսիմալիստական պահանջներ, ինչը ևս խոչընդոտում է նրանց իշխանության գալուն։
«ՀԱԿ-ն է պրոբլեմային, որովհետև նրանք մաքսիմալիստական պահանջներ ունեն, շանտաժի նման բան կա, անհնար է դժգոհության ալիքի հիման վրա գալ իշխանության»,- նշեց Ադիբեկյանը:
Մինչդեռ, ի տարբերություն դժգոհող ՀԱԿ-ի, այլ մարտավարություն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ամերիկյան տեխնոլոգիայով՝ ամերիկացի պարզ տղայի կերպարով ասում է, որ ամեն ինչ լավ կլինի: Ադիբեկյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է հավաքելու, քան ամբողջ ՀԱԿ դաշինքը:
«Ինքն ավելի շատ ձայն է բերում, քան ՀԱԿ-ի ամբողջ թիմը»,- նկատեց սոցիոլոգը:
Խոսելով մյուս կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավի մասին՝ բանախոսը նշեց, որ ամենահաջողը եղել է Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների քարոզարշավը՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ: Ընդ որում, ԲՀԿ-ն կարողացել է կրկնապատկել իր ընտրազանգվածը, իսկ ՀՀԿ-ն՝ պահպանել։
«Առավել հաջողներն այս քարոզարշավում՝ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն են. վերջինս պահպանեց իր էլեկտորատը, իսկ ԲՀԿ-ն կարողացավ կրկնապատկել»,- նշեց սոցիոլոգը:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրենի կարծիքով, իրենց ընտրազանգվածը կարողացան պահպանել նաև «Օրինաց երկիր» և «ժառանգություն» կուսակցությունները:
Ի դեպ, սոցիոլոգը ՕԵԿ-ի մասին հատուկ շեշտեց, թե սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս կուսակցությանն ավելի շատ ձայն կտան 30 տարեկան կանայք:
Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության քարոզարշավին, Ադիբեկյանը նկատեց՝ թեև այս կուսակցությունը ուշ մտավ ընտրապայքարի մեջ, սպասելով, որ բոլորն ասեն իրենց ասելիքները, բայց կարողացավ հաջող անցկացնել այն:
Այսպիսով, սոցիոլոգ Ադիբեկյանը եզրահանգում է. ապագա խորհրդարանը կազմված կլինի 5 կուսակցություններից, իսկ կոալիցիան կվերականգնվի.
«Կոալիցիան կվերականգնվի, կմոռանան իրենց հասցեագրված ոչ պարկեշտ կամ կոպիտ հայտարարությունները և ընկերովի կկերտեն նորովի Հայաստանը»,– ասաց Ահարոն Ադիբեկյանը:









