«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակն ստացավ Աննա Իսրայելյանը

14:51 • 03.05.12

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ, այսօր «Ժուռնալիստի տանը» կազմակերպված միջոցառման ժամանակ, «Մամուլի ազատության ժամանակը» անվանակարգում մրցանակ ստացավ «Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը նախորդ տարվա ընթացքում ավանդական և նոր մեդիա լրագրության հնարավորությունները համադրելու համար:

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթը նախորդ տարվանից սկսեց իր գործունեությունը ծավալել նաև էլեկտրոնային լրագրության ոլորտում:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր կայքը, նախորդ վեց ամիսների ընթացքում, եռապատկել է իր ընթերցողների թիվը: Այն ժամանակ, երբ մենք փորձում էինք սկսել, փորձագետները խորհուրդ չէին տալիս, սակայն արդյունքներն ակնհայտ են»,- ասաց Աննա Իսրայելյանը:

Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությանը, ապա այն կատարվում է 2006 թվականից. առաջին մրցանակակիրը եղել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

2007 թվականին մրցանակի է արժանացել Տիգրան Պասկևիչյանը, իսկ 2008-ին՝ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: 2009-2010 թվականներին մրցանակակիրներ չեն եղել, իսկ նախորդ տարի մրցանակին արժանացել է «Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: