Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի «կիքսերը»՝ քաղաքագետի աչքերով
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից մեծ սխալ էր Մաշտոցի պուրակի «բուծիկներն» ապամոնտաժելու հայտնի հրահանգը, այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով 25-օրյա նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական կուսակցությունների PR վարքագիծն ու կուլտուրան, այս մասին նշեց քաղաքագետ, քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:
«Ութսուն օր շարունակ ցույց էր տրվում, թե ինչպես են բնապահպանները, քաղաքացիական շարժումը պայքարում, որպեսզի Մաշտոցի պուրակում «բուծիկներ» չդրվեն, երբ քաղաքապետն ասաց՝ «ոչ, պետք է դրվի», կառավարությունը որոշում ընդունեց, այսինքն՝ համակարգն ասաց՝ «ոչ, այստեղ պետք է«բուծիկ» դրվի, հետո քվեարկությունից 4 օր առաջ համակարգի ղեկավարը գալիս և ասում է՝ «հանի՛ր»»:
Վերջինիս խոսքով, սա բացահայտ սխալ էր նաև իրավական տեսանկյունից, քանի որ նախագահը տեղական ինքնակառավարման ղեկավարին կարգադրելու իրավասություն չունի: Նշվեց, թե Սերժ Սարգսյանը, ծայրահեղ դեպքում, կարող էր այս մասին կոչով դիմել Երևանի ավագանուն:
«Լավ, ոչ մեկի մտքով չանցա՞վ, եթե դու PR ես անում, պետք է տիրապետես դրա կանոններին, հակառակ դեպքում, դա քո դեմ է աշխատում»,- ասաց Արմեն Բադալյանը:
Վերջինս արձանագրեց նաև Հանրապետական կուսակցության կողմից տարվող PR-ի այլ վրիպումներ ևս.
1.մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կողմից քարոզարշավ տանելը, ինչը նշանակում է, որ նախագահը չի վստահում իր քաղաքական թիմին,
2. վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հեռուստաբանավեճի հրավերը մերժելը:
Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ ներկայացվեցին տարբեր գրաֆիկներ և թվեր՝ իբրև, իշխող կուսակցության կողմից իրականացված, որոնց «տերը» ՀՀԿ համամասնական ցուցակի 3 -րդ համարն է.«Նա է ապահովել է այդ «գրաֆիկան», հետևաբար, այդ հրավերը մերժելու դեպքում ստացվում է, որ դրան իրական թվեր չեն»:
Վերջինիս գնահատմամբ՝ «ամենակիքսոտ» քարոզարշավը տարել է «Ժառանգությունը»: Օրինակ՝ քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը 4-րդ գումարման ԱԺ-ում, իրենց խմբակցության անելիքները ներկայացնող տեսահոլովակում, ներկայացումը սկսում Լարիսա Ալավերդյանից, ով կուսակցության համամասնական ցուցակի 41-րդ համարն է:
Սակայն ամենալուրջ սխալը՝ 50 տոկոս ձայներ ստանալու հավակնության և իրականության հակասությունն է: Իսկ իրականությունը, ըստ Բադալյանի, այն է, որ «Ժառանգությունը» զգուշացավ և «Ազատ դեմոկրատների» հետ կազմեց մեկ համամասնական ցուցակ, այլ ոչ թե դաշինք: Քանի որ դաշինքի դեպքում հարկավոր էր հաղթահարել 7 տոկոսի արգելանքը, մինչդեռ կուսակցության դեպքում ՝ 5: Սա նշանակում է որ «Ժառանգությունն» իր սպասումները բոլորովին այլ կերպ է գնահատում:
Քաղաքագետը գոհ է «Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավից, միայն նշեց, որ դրա քաղաքական մասն իր վրա տարավ ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը:
Արմեն Բադալյանը «Օրինաց երկիր» կուսակցությանը չանդրադարձավ, փոխարենը, նշեց, որ եթե այս կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, ապա միմիայն հանրապետականի շնորհիվ: Նույնը վերաբերում է ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններին՝ Դեմկուսին, Կոմկուսին, և «Միավորված հայեր»-ին, քանի որ, ըստ Բադալյանի, սրանք միայն «ֆոնային մասնակցություն» են ապահովում:
Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» դաշինքին, ապա Արմեն Բադալյանը կրկին բազմաթիվ սխալներ է արձանագրում:
Հաջողված համարեց Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյանանոց հեղափոխության թեզը. « Ինչու է սա լավ, որովհետև մարդ ինչքան էլ վախեցած լինի, երբ մտնում է տեղամաս, ապա 30 վայրկյան իր մեջ կարող է խիզախություն գտնել, չնայած, նաև կարող է 5 րոպե խիզախ չլինել»,- ասաց քաղաքագետը:
Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները Արմեն Բադալյանը գնահատեց այսպես. «Կառուցելու ենք Վրաստան». այսինքն՝ վրացական սխեմայով տնտեսություն, գյուղատնտեսություն և այլն:









