Հուսանք՝ ընտրության օրը ծեծ ու ջարդ, լցոնումներ չեն լինի.Արմեն Մարտիրոսյան

10:40 • 03.05.12

«Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 6 ընտրատարածքում համամասնական ընտրակարգով առաջադրված Արմեն Մարտիրոսյանն արդար ընտրություններին չի հավատում, բայց հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների օրը չեն լինի բռնության դեպքեր և լցոնումներ:


«Արդար ընտրությունների մասին չենք կարող խոսել, որովհետև ընտրակաշառքի բավականին մեծ ծավալի գործընթաց է սկսվել, բավականին մեծ ծավալով օգտագործվում է ադմինիստրատիվ ռեսուրսը, բայց հույս ունենանք, որ ընտրության օրը տեղամասերում նորմալ կանցնի, ծեծ ու ջարդ, լցոնումներ չեն լինի-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:


«Նույնիսկ այն, ինչ-որ եղավ Հրազդանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե նմանատիպ ընտրություններ ամբողջ Հայաստանով մեկ տեղի ունենան, ապա դա, իհարկե, դրական կլինի»,– ավելացրեց նա։


Գնահատելով քարոզարշավը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դրական առաջընթաց է նկատում. նախորդ քարոզարշավի համեմատ՝ այս անգամ համեմատաբար ավելի քաղաքակիրթ ընթացավ ընտրապայքարը։


«Ընդհանուր առմամբ, այս քարոզարշավը ավելի քաղաքակիրթ շրջանակներում անցավ, որովհետև նախկին ծեծ ու ջարդերը, երբ ոչ թե շաբաթը մեկ, այլ ամեն օր լսում էինք նմանատիպ երևույթների մասին, այս անգամ, կարծես թե, չեղան: Մի քանի դեպք, իհարկե, եղավ, բայց կարծում եմ դինամիկան, իսկապես, ակնհայտ է, որ դրական ուղղությամբ է գնացել»,- նշեց «Ժառանգության» պատգամավորը։


Ա. Մարտիրոսյանը դրական է գնահատում նաև հեռուստաընկերությունների աշխատանքը` համեմատելով նախորդ ընտրությունների նույն ժամանակահատվածի հետ: Չնայած, այս անգամ ևս ամեն ինչ հարթ չէ, բայց ընդհանուր պատկերը, Մարտիրոսյանի համար գոհացուցիչ է:


«Անցած քարոզարշավի համեմատ դրական եմ գնահատում, հատկապես, հեռուստաընկերությունների պահվածքը: Չնայած մեկ-երկու հեռուստաընկերության կողմից իրականացված որոշ սև PR-ին, ցեխարձակումներին, այնուհանդերձ, պետք է ասեմ, որ անհամեմատ դրական է անցածի համեմատ: Որոշ չափով սև PR իրականացվեց «Ժառանգության» նկատմամբ, որն անցյալ անգամ, կարծես թե, այդքան շատ չէր»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:


Մարտիրոսյանը ևս համակարծիք է այն մտքի հետ, որ բանավեճերի սակավությունն, իրոք, բացասական երևույթ էր: Ապա հայտնեց, որ իբրև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ինքը միշտ պատրաստ է եղել բանավիճելու, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով։


«Բանավեճերի բացակայությունը ամենաբացասական երևույթներից մեկն էր: Ես որպես մեծամասնական թեկնածու, «Ժառանգությունը» որպես քաղաքական ուժ, միշտ պատրաստ է եղել բանավեճերի: Այն ֆորմատները, որտեղ մեզ հրավիրել են, մենք պարտադիր մասնակցել ենք: Շատ կցանկանայի, որ հեռուստատեսային մեծածավալ բանավեճեր լինեին՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը: