Ինձ մրցակից կարող են լինել միայն փողը, վախը և մարդկանց ընչաքաղցությունը.Արտակ Բանուչյան
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը, որպես ընդդիմադիր թեկնածու, հիշյալ ընտրատարածքում իրեն որևէ մրցակից չի տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամն ու հավելեց, որ իրեն մրցակից կարող են լինել միայն փողը, վախը և մարդկանց ընչաքաղցությունը:
Պատգամավորի թեկնածուն ասաց, թե վստահ է, որ այս ընտրատարածքում ևս, ինչպես ամենուր, հասունանում է քաղաքացիական լուռ, ընդհատակյա դիմադրություն, որի արդյունքում շատերն իրենց ձայնը կտան ընդդիմությանը:
«Հասկանո՞ւմ եք, թասիբ ունեցող մարդիկ դեռ կան: Սակայն կան մարդիկ, ովքեր փողի ու իշխանության համար գնում են նաև այդպիսի քայլերի: Բայց նորից կրկնում եմ՝ իրավիճակ է փոխվել»,- նկատեց Արշակ Բանուչյանը:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում մեծամասնական համակարգով առաջադրված են նաև «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ-խմբ) , «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը և անկուսակցական Կարեն Սմբատյանը:
Արշակ Բանուչյանը կարծում է, որ իշխանությանը ծառայողներն էլ պասիվ կգտնվեն՝ տարբեր պատճառներով:
«Քիչ մարդիկ չկան, որոնք մեր համակիրներն են և որոնք հոգնել են այս ամենից: Հոգնել են այն լուտանքներից, որոնք ամեն ընտրությունից հետո թափվում են իրենց վրա: Անցած ընտրությունները նաև ցույց տվեցին, որ մարդիկ, ովքեր ընտրակեղծարարական այս մեքենայի մեջ խոշոր «աստղանիներ» էին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել վարչախմբին, այսօր հայտնվել են ճաղերի հետևում»:
Արշակ Բանուչյանը համամիտ է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանի այն դիտարկման հետ, որ Երևանը շատ ավելի լավ վիճակում է, քան մարզերը, որտեղ իշխող կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար « փոքր համայնքի ընկճված մարդկանց» սպառնում են՝ գյուղապետը, « Ջուր օգտագործողների միության» պետը և համայնքային այլ չինովնիկներ:
Հիշեցնենք, որ հե՛նց այս համատեքստում ՀՅԴ բյուրոյի անդամ Հովհաննիսյանը պահանջեց՝«Երևա՜ն, փրկի՛ր մարզերը»:
Բայց ՀԱԿ անդամի կարծիքով՝ Երևանում էլ տարբեր են ընտրողների տրամադրություններն ու վարքագիծը, նույնիսկ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ այս իմաստով ունեն իրենց սպեցիֆիկան: Այսիքն՝ եթե Աջափնյակը և Մալաթիան, Բանուչյանը նմանեցնում է Օսվենցիմի հետ, ապա Շենգավիթ համայնքում, նրա խոսքով, մթնոլորտն ավելի ազատ է:
Ամեն դեպքում, եթե Արշակ Բանուչյանը չընտրվի, ապա սրանից ողբերգություն չի սարքի: Իսկ շրջանի այն ընտրողներին, որոնց չի հասցրել հանդիպել քարոզարշավի փուլում, կհանդիպի ընտրություններից հետո:









