Արցախի Գիշի գյուղն իր եկեղեցին կունենա (լուսանկարներ)
Օրերս Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկեքը:
Արցախյան հոգևոր թեմից տեղեկացնում են, որ եկեղեցին կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Վալերի Հայրապետյանն է:
Արցախի թեմի հոգևոր սպասավորները, Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ, նախ գինով ու ջրով լվացել, ապա սրբալույս մյուռոնով օծել են Քրիստոսի առաքյալների, չորս ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվել են նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում և կատարվել օրհնության կարգ: Բարերարի ձեռքով եկեղեցու հիմքում տեղադրվել է նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը:
Հավարտ արարողության՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է գիշեցիներին` մոտ ապագայում սեփական գործող եկեղեցին ունենալու առիթով:
Արցախի թեմի առաջնորդը գոհունակությամբ կարևորել է այն փաստը, որ արմատներով արցախցի աշխարհասփյուռ հայորդիները չեն մոռանում իրենց հարազատ երկիրը և տարբեր կերպով աջակցում են սեփական ժողովրդի ու Եկեղեցու կենսական խնդիրների լուծմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:









