Ադրբեջանում խղճի 18 բանտարկյալ կա. Amnesty International
Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ, Amnesty International («Միջազգային համաներում») իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին նվիրված զեկույց է հրապարակել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
«Ադրբեջանի իշխանությունները երկրում «Եվրատեսիլ»-ը հաջողությամբ անցկացնելու համար մտադիր են խլացնել դժգոհների ձայները» զեկույցում նշվում է, որ երկրում հանրահավաքները ցրվում են, լրագրողներին ու իրավապաշտպաններին` վախեցնում, կալանում և նույնիսկ ծեծի ենթարկում պետության ներկայացուցիչները:
Amnesty İnternational-ի համաձայն` Ադրբեջանում խղճի 18 բանտարկյալ կա, այդ թվում` նախորդ ու այս տարի ձերբակալված և ազատազրկման դատապարտված իրավապաշտպաններ ու լրագրողներ:
Ավելի վաղ Amnesty İnternational-ը խղճի բանտարկյալների թվին էր դասել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին և անհապաղ ազատ արձակման կոչ արել: Այս ցանկում ավելացել են 2-ական իրավապաշտպանի ու լրագրողի անուններ: Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին խղճի բանտարկյալներին անհապաղ ազատ արձակման կոչ է անում:









