Թոնի Բլերը ցանկանում է մեծ քաղաքականություն վերադառնալ. The Independent

17:08 • 03.05.12

Հնգամյա ընդմիջումից հետո, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը որոշել է վերադառնալ մեծ քաղաքականություն, գրում է The Independent-ը:


Թերթի համաձայն` Բլերը սկսել է հանդիպումներ ունենալ Լեյբորիստական կուսակցության անդամների ու առաջնորդ Էդ Միլիբենդի հետ` երկրում քաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով:

 

«Նա կրկին ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել: Նա ասելիք ունի, և կարծում է, որ հիմա իսկական ժամանակն է դրա համար: Հարցն այն է, թե կարո՞ղ է նա վերադառնալ բրիտանական քաղաքական բեմ` խուսափելով Լեյբորիստական կուսակցության ազդեցությունից»,- ասել է նախկին վարչապետին մոտ կանգնած աղբյուրը:

 

Հուլիսին Բլերը մտադիր է Միլիբենդի հետ ներկա գտնվել Լոնդոնի Օլիմպիական խաղերին ընդառաջ բրիտանական սպորտին նվիրված ընթրիքին:

 

Նա նաև հասարակայնության հետ կապերի նոր տնօրեն է նշանակել, ինչը բրիտանական լրատվամիջոցները գնահատել են որպես քաղաքական հեղինակությունը վերականգնելու փորձ:


Բլերի հեղինակությունը սկսեց ընկնել, երբ նա Մեծ Բրիտանիայի` աֆղանական ու իրաքյան պատերազմներին մասնակցության որոշում ընդունեց: Նա լքել է վարչապետի պաշտոնը 2007-ի հունիսին` իր տեղը զիջելով լեյբորիստ Գորդոն Բրաունին: