Ճամբարակում «ԲՄՎ»–ն 10 մ գլորվելով՝ հայտնվել է ձորակում կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.20-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոն»–ից հայտնել են Ոստիկանության ճամբարակի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի երկու բնակիչ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը ավագ քննիչ Բագրատ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 05.30–ի սահմաններում Երևանի Մալաթիա Սեբաստիա 6-րդ փողոցի բնակիչ 21-ամյա Եղիշե Թամազյանը, վարելով «ԲՄՎ 320» մակնիշի 22 ՏՕ 785 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ–Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ ընկել ձախակողմյան ձորակը։ Վթարի հետևանքով Ե. Թամազյանը դեմքի պատռված վերքերով և քերծվածքներով, իսկ ուղևոր 21-ամյա Ջոն Պետրոսյանը փակ գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են «Ճամբարակի առողջության կենտրոն»։
Դեպքի վայրում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արմեն Գալստյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր է բերվում քարշակ որպեսզի վթարված ավտոմեքենան տեղափոխվի Ոստիկանության Ճամբարակի բաժնի տուգանային հրապարակ։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









