ԱՄՆ-ում ուսանողը 20 մլն դոլար է պահանջում ոստիկաններից` սեփական մեզը խմելու համար

23:24 • 03.05.12

Սան Դիեգոյից ուսանող Դենիել Չոնը 20 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության դեմ, տեղեկացնում են առաջատար լրատվամիջոցները:

 

Չոնին վարչության աշխատակիցները ձերբակալել և մի քանի օր պահել էին խցում` «մոռանալով» նրա մասին:

 

Բացարձակ չարժանանալով նրանց ուշադրությանը և հալյուցինացիաներ ունենալուց հետո ուսանողը փորձել էր գրավել հարևան գրասենյակների աշխատակիցների ուշադրությունը, բայց ապարդյուն:

 

Ձեռնաշղթայով 2 օր փոքր խցում մնալուց հետո Չոնը հուսահատվել է և սկսել է մտածել կենդանի մնալու մասին, քանի որ նրան հաց ու ջուր չեն տվել:

 

23-ամյա ուսանողը ճարահատված խմել է սեփական մեզը: Այնուհետև նա փորձել է իրավապահներից խնդրել իրեն արագ մահանալու հնարավորություն տալ: Ոստիկանները նրա մասին «հիշել են» խցում փակելու միայն 5-րդ օրը:

 

Նրա փաստաբանները արդեն իսկ ձևակերպել են իրենց պահանջը` հայտնելով, որ թե՛ ամերիկյան, թե՛ միջազգային իրավունքի նորմերով Չոնի հանդեպ արվածը «խոշտանգում» է:

 

Իսկ ուսանողը լրացուցիչ հայտնել է, որ առայժմ կառույցն անգամ ներողություն չի խնդրել իրենից:

 

Ապրիլի 20-ին Չոնը գնացել էր ընկերոջ տուն և գիշերել այնտեղ: Առավոտյան ներխուժել էին ոստիկանները, ձերբակալել նրան ու ևս 8 մարդու և խուզարկությամբ տանից հայտնաբերել էքստազիի 18,000 հաբ, այլ թմրանյութեր և զենք, որոնց հետ նա ոչ մի կապ չի ունեցել: